Երևանի Պ. Ի. Չայկովսկու անվան միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոցը հոկտեմբերի 24-ին նշում է հիմնադրման 80-ամյակը: Դպրոցի հոբելյանին նվիրված համերգը տեղի է ունենալու Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:
«Արմենպրես»-ի հետ զրույցում՝ դպրոցի տնօրեն Մարտուն Կոստանդյանը նշեց, որ համերգը լինելու է Չայկովսկու անվան դպրոցի նվագախմբի և Ժնևի կոնսերվատորիայի նվագախմբի համատեղ կատարմամբ:
«Մենք արդեն 2 տարի է, ինչ համագործակցում ենք նրանց հետ: 2018 թվականին երկու երկրի ԱԺ նախագահների հովանու ներքո մեծ միջոցառումների շարք կար Ժնևում, և մեզ հրավիրել էին տեղի կոնսերվատորիա, որի տնօրենը մեր հայրենակիցն է՝ Եվա Հարությունյանը, ով նաև Չայկովսկու անվան դպրոցի շրջանավարտ է: Այդ ժամանակ շատ հետաքրքիր ծրագիր էր կազմվել, տարբեր համերգներ եղան, որի ժամանակ ելույթ ունեցան և՛ մեր ու Ժնևի կոնսերվատորիայի սաները, և՛ Եվա Հարությունյանն ու ես: Այս տարի նրանք փոխադարձ այցով եկել են Հայաստան, որը համընկել է մեր դպրոցի 80-ամյա հոբելյանի հետ»,- ասաց Կոստանդյանը և հավելեց, որ համերգը լինելու է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ:
Նրա խոսքով՝ նախարարությունը մշտապես աջակցել և կարևորել է նմանատիպ միջոցառումները և եղել է դպրոցի կողքին:
Ժնևի կոնսերվատորիայից Հայաստան է ժամանել 14 սան, տնօրենը և 3 պրոֆեսոր:
«Համերգային ծրագրի շրջանակում լինելու է նաև մեր դպրոցի և Ժնևի կոնսերվատորիայի երգչախմբերի ելույթ: Համերգի մի մասի դիրիժորը Ժնևից ժամանած Խուան Դավիդ Մոլանոն է, իսկ մյուս մասինը՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռուբեն Ասատրյանը: Համերգի այլ երաժշտական հատվածները ղեկավարելու են ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, խմբավար Սարինե Ավթանդիլյանը, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ջազ բենդի գեղարվեստական ղեկավար Արմեն Հյուսնունցը»,- շեշտեց դպրոցի տնօրենը:
Կոստանդյանի խոսքով՝ Ժնևի կոնսերվատորիայից ժամանած հյուրերն այցելելու են Հայաստանի տարբեր պատմամշակութային հուշարձաններ և թանգարաններ: Հոկտեմբերի 25-ին լինելու են Գառնիում և Գեղարդում:
«Հոկտեմբերի 23-ին մեր դպրոցի բակում տնկել ենք նաև եղևնի՝ Ժնևի կոնսերվատորիայի ղեկավարության հետ համատեղ: Սա արդեն երրորդ եղևնին է, առաջինը տնկել ենք լեհ կոմպոզիտոր, դիրիժոր Քշիշտոֆ Պենդերեցկու հետ, երկրորդը՝ Վալանսի Ռոման ագլոմերացիայի կոնսերվատորիայի և Վալանսի քաղաքապետի հետ»,- շեշտեց Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի տնօրենը և ընդգծեց, որ եղևնիները մնայուն արժեքներ են և քաղաքն ավելի կանաչապատ են դարձնում:
Երևանի Պ. Ի. Չայկովսկու անվան մասնագիտական երաժշտական դպրոցը հիմնադրվել է 1938 թվականին, Երևանի պետական կոնսերվատորիային կից՝ շնորհալի երեխաների խմբի բազայի վրա։