Համերգին օրեր են մնացել և տոմսերը շատ արագ են սպառվում. Սիրուշո. News.am
Advertisement 1000 x 90

Համերգին օրեր են մնացել և տոմսերը շատ արագ են սպառվում. Սիրուշո. News.am

– Սիրուշո, նոյեմբերի 2-ին Երևանի «Դվին» համալիրում հատուկ երեկո է ծրագրված՝ Ձեր համերգն է տեղի ունենալու։ Ի՞նչ ծրագիր եք ներկայացնելու։

Վերջին  շրջանում միջազգային շրջագայության էինք «Արմատ» ծրագրով, ելույթներով ներկայացել ենք Բելգիայում, Նիդերլանդներում, Կանադայում, Ավստրալիայում, Լիբանանում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Ֆրանսիայում, Լատվիայում և այլուր։ «Արմատ» համերգաշարի նպատակը աշխարհի տարբեր երկրներում մեր արմատները ներկայացնելն է, հայի ոգին բարձր պահելը և համախմբելը աշխարհով մեկ սփռված հայերին ։ Այս բոլոր երկրներում նկարահանվել է նաև սփյուռքի մասին պատմող ֆիլմ, որը, հուսով եմ շուտով եթեր կհեռարձակվի։ Այս երեկոն, սակայն, շատ տարբեր է լինելու։

– Ծրագիրը ներկայացնելու եք «Դվին» համալիրում․ ի՞նչու հենց այնտեղ և ոչ ավանդական համերգասրահներում։

Հրավերը ստացա  «Դվին» համալիրից, և սրահը ուսումնասիրելուց հետո հասկացա, որ այստեղ կարող ենք իրականացնել այն ամենը, ինչը հնարավոր չէ համերգասրահների դեպքում։ Բացի այդ, հաշվի առնելով այս շրջանի միջազգային համագործակցություններս չէի էլ կարողանա հասցնել այստեղ անել որևէ այլ ձևաչափի համերգ -հանդիպում։ Իսկ հանդիպում հանդիսատեսի հետ հաստատ ուզում էի ունենալ: Հենց այդ առումով  «Դվին»-ի սրահը շատ հարմար է, որովհետև այստեղ մարդիկ  պարզապես չեն գալու որպես հանդիսատես, գալու են և դառնալու են համերգի մասնակից, լավ երեկո են անցկացնելու, շփվելու են միմյանց հետ, պարելու են, խմելու և կտրվելու իրենց հոգսերից, լսելու են իրենց հարազատ դարձած երգեր ու ինձ հետ միասին կիսելու են հույզեր։ Այդ օրը ես էլ եմ փորձելու ինձ անջատել այս պահին ինձ մտահոգող հարցերից և ապահովել իմ հանդիսատեսի համար լավ ու դրական երեկո։ Նման ձևաչափի երեկո դեռ չենք ունեցել այստեղ, և չգիտեմ եթե  էլի  առիթ կլինի։ Սա ամենաջերմ ու անմիջական երեկոն է լինելու։

– Արդյո ՞ ք դժվար է այս շրջանում ստեղծագործական գործունեություն ծավալել Հայաստանում, հատկապես հաշվի առնելով վերջին մեկուկես տարվա իրադարձությունները, որոնք չեն շրջանցել անգամ Ձեր ընտանիքը։

Դժվար շրջան է ամեն առումով․ թե՛ հաշվի առնելով  բոլոր կողմերից ճնշումն ու փակուղիկները, թե՛ ուղղակի մարդկային էմոցիոնալ դժվարությունը, որ ուզում ես երբեմն փակվել ու ոչինչ չանել։ Եվ այս շրջանում աշխատանքի վրա կենտրոնանալը շատ ավելի դժվար է: Միայն այս համերգով չէ այս ողջ ընթացքում առիթներ և հրավերներ եմ ունեցել, որտեղ հրավիրված եմ եղել ներկայացնելու Հայաստանը, և որքան էլ  անհնար է թվացել այդ պահին կենտրոնանալ ելույթի վրա և ցանկություն էլ չի եղել առհասարակ ժպտալու և հարցազրույցներ տալու, սակայն նման պահերին փորձում եմ գիտակցությունս վեր պահել և հասկանալ, որ երկիր եմ ներկայացնում, ինչը չափազանց պատասխանատու է և պետք է դա ամեն անգամ անել հպարտ, ժպիտով և աշխատանքին լիարժեք նվիրվածությամբ: Շատ բաներ կան, որոնց մասին դեռ չեմ ուզում խոսել։ Ես իմ առջև տարիներ առաջ խնդիր եմ դրել ՝ հայկական մշակույթի սահմաններն ընդլայնեյնելը և աշխարհին ներկայացնելը, և, որքան էլ այսօր փորձեն խանգարել, միևնույն է, նպատակս մնում է անփոփոխ, և նման մթնոլորտում շատ ավելի կարևոր ու թանկ է դառնում ամեն մի ելույթ և ձեռքբերում։

– Չնայած այդ ամենին շարունակում եք բուռն ստեղծագործական գործունեություն ծավալել արտերկրում։ Որտե՞ղ և ի՞նչ հետաքրքիր ծրագրեր եք իրականացրել վերջին շրջանում։

Հիմա, որ ետ եմ նայում հասկանում եմ այս վերջին մեկ տարվա ընթացքում հսկայական աշխատանք ենք կատարել, որը, սակայն, դեռ չենք լուսաբանել և չենք հանձնել հանդիսատեսին։ Այս շրջանում աշխատում ենք արտասահմանյան գործընկերների հետ միջազգային ծրագրերի վրա, ողջ աշխատանքային ուշադրությունն այդ կողմում է։ Հայ հանդիսատեսի համար էլ ունեմ ծրագրեր, որոնք ինձ համար կարևոր են էմոցիոնալ տեսանկյունից․  «Արմատ» հաղորդաշարը  դրանցից մեկն է։  «Դվին»-ում կայանալիք երեկոն էլ լավ առիթ է իմ հանդիսատեսին տեսնելու: Համերգին օրեր են մնացել և տոմսերը շատ արագ են սպառվում։ Այնպես որ, համոզված եմ երեկոն լավն է լինելու։



Նման նյութեր