«Հայերը մեզ խանգարում են». Արգենտինայում Թուրքիայի դեսպանի մոտ սրվել է «օսմանյան ալերգիան». armeniasputnik.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Հայերը մեզ խանգարում են». Արգենտինայում Թուրքիայի դեսպանի մոտ սրվել է «օսմանյան ալերգիան». armeniasputnik.am

Արգենտինայում Թուրքիայի և Ադրբեջանի դեսպանները թույլ են տվել հերթական հակահայկական արտահայտությունները հանրային միջոցառման ժամանակ։ Այս մասին հաղորդում է Արգենտինայի հայ համայնքի Diario Armenia պարբերականը։

«Կովկասի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջան» խորագրով միջոցառումը կազմակերպել է Քիլմես քաղաքի համալսարանը, որը տեղի է ունեցել Արգենտինայի խորհրդարանում։

Դրան մասնակցել են Արգենտինայում Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի գործող դեսպանները, ինչպես նաև Թուրքիայում և Ադրբեջանում Արգենտինայի նախկին դեսպանները։ Վրացի դեսպան Իրակլի Քուրաշվիլին չեզոք է պահել իրեն, իսկ մնացած հավաքվածները մի շարք հակահայկական հայտարարություններ են արել։

Այսպես, Ադրբեջանի դեսպան Ռաշադ Ասլանովը հայտարարել է, որ Հայաստանը վտանգ է ներկայացնում տարածաշրջանի կայունության համար։ Թեման զարգացրել է Ադրբեջանում Արգենտինայի նախկին դեսպան Կառլոս Ռիվան` հայտարարելով, որ Արգենտինան կողմ է հակամարտության խաղաղ լուծմանը տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա։ Միաժամանակ նա չի մոռացել շեշտել, որ հայտնում է իր անձնական կարծիքը (ո՛չ Արգենտինայի ղեկավարությունը, ո՛չ հանրապետության ԱԳՆ–ն նման հայտարարություններ չեն արել` խմբ.)։

Արգենտինայում Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի գործող դեսպանները, ինչպես նաև Թուրքիայում և Ադրբեջանում Արգենտինայի նախկին դեսպանները, Արգենտինա

Իր հերթին Թուրքիայում Արգենտինայի նախկին դեսպան Խուլիան Տետամանտին հայտարարել է, որ հայկական հարցը «երկու երկրների հարաբերությունների զարգացման ճանապարհին առկա փորձաքարերից է»։

Ընդարձակ ելույթ է ունեցել Արգենտինայում Թուրքիայի դեսպան Վուրալ Ալթայը։ Սկզբում  նա չի մոռացել հիշատակել, որ Թուրքիան աջակցում է Վրաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը։ Միաժամանակ նա մոռացել է նշել, որ Թուրքիան աջակցում է Կիպրոսի և Սերբիայի տարածքներում անօրինական կազմավորումներին։

Այնուհետև նա արտահայտվել է հայկական հարցի մասին։ Նրա կարծիքով` Հայաստանն օգտագործում է Հայոց ցեղասպանության հարցը քաղաքական շահարկումների և Թուրքիայի վրա ճնշում գործադրելու համար։ Այնուհետև Ալթայն անդրադարձել է Արգենտինայի հայ համայնքին։ Այստեղ նա վերջնականապես կորցրել է դիվանագիտական զսպվածությունը և անցում կատարել բոլորին լավ ծանոթ օսմանյան տրամաբանությանը` «նրանք մեզ խանգարում են, ուրեմն չպետք է լինեն»։

«Բոլորին հայտնի է, որ Արգենտինայում ապրում է մեծությամբ չորրորդ հայ համայնքը` Ռուսաստանից, ԱՄՆ–ից և Ֆրանսիայից հետո։ Հայ համայնքը մինչև հիմա շատ ակտիվ է։ Նրանք շարունակում են արգելք մնալ մեր երկկողմ հարաբերությունների համար», – հայտարարել է դիվանագետը։

Նա հավելել է, որ Թուրքիան բացել է իր արխիվների բոլոր փաստաթղթերը, որոնք վերաբերել են Օսմանյան կայսրության վերջին տարիներին և պատրաստ է քննարկումների, բայց Հայաստանն «ի վիճակի չէ ընդունել ուրիշ տեսակետ»։

Միաժամանակ, Ալթայը չի հիշատակել, որ Թուրքիայում արգելված են ցեղասպանության մասին ցանկացած քննարկումներ, ընդ որում` ոչ միայն հայերի, այլ նաև հույների, ասորիների և եզդիների ճակատագրի մասին, որոնք նույնպես զանգվածաբար ոչնչացվել են թուրքական կառավարության հրամանով։ Նման հայտարարությունները համարվում են քրեական հանցագործություն և վիրավորում են թուրքերին։

Նշենք, որ Արգենտինայի խորհրդարանում միջոցառումը տեղի է ունեցել մեկ ամիս առաջ։ Խորհրդարանը հաղորդագրություն է հրապարակել այդ մասին, բայց բաց է թողել բոլոր հակահայկական արտահայտությունները։ Diario Armenia–ն միայն մեկ ամիս անց է հաղորդել, թե ինչի մասին են խոսել համաժողովում։

Իր հերթին Արգենտինայի Հայկական ազգային խորհրդի նախագահ Նիկոլաս Սաբունչյանը հայտարարել է, որ նամակ է ուղարկել UNQ ղեկավարությանը` դժգոհություն հայտնելով այդ արտահայտությունների վերաբերյալ։

Նշենք, որ Սաբունչյանը նրանցից է, ով թուրք դեսպանի տրամաբանությամբ «խոչընդոտում է հարաբերությունները»։ 2018թ–ի մարտին նաև նրա ջանքերով Արգենտինայի երկու համալսարաններ չեղյալ են հայտարարել 1915թ–ի մասին համաժողովները, որոնք պետք է տեղի ունենային Անկարայի համալսարանի հետ` Turkish Airlines–ի ֆինանսական աջակցությամբ։ Արդյունքում համաժողովը տեղի է ունեցել Արգենտինայի Իսլմական կենտրոնում։

armeniasputnik.am



Նման նյութեր