Գլխամաշկի մեզոթերապիա
Advertisement 1000 x 90

Գլխամաշկի մեզոթերապիա

Մազաթափությունը, մազերի դանդաղ աճը և գլխամաշկի հետ կապած այլ խնդիրներ կարող են բարդույթների պատճառ դառնալ: Այս անգամ Դա Վինչի կլինիկայի բժիշկ-կոսմետոլոգ Նարինե Թումանյանի հետ խոսեցինք վերոնշյալ խնդիրների լուծման ամենաարդյունավետ միջոցների մեկի՝ գլխամաշկի մեզոթերապիայի մասին:

Ի՞նչ է գլխամաշկի մեզոթերապիան և ի՞նչ խնդիրներ է այն լուծում:  

Մեզոթերապիան ներարկումային ճանաչված մեթոդ է, որի ժամանակ իրականացվում են ներմաշկային և ենթամաշկային ներարկումներ և լուծվում տարատեսակ խնդիրներ: Գլխամաշկի մեզոթերապիայի դեպքում բուժիչ նյութերը ներարկվում են անմիջապես գլխամաշկի մեջ՝ ակտիվացնելով մազարմատները և սնուցելով գլխամաշկը:
Կիրառվում է մազաթափության տարբեր տեսակների, սեբորեայի, մաշկաբորբի (դերմատիտ) դեպքում, բարձրացնում է մազերի որակը, խթանում դրանց աճը:

Ներարկման համար ի՞նչ դեղամիջոցներ են օգտագործվում:

Մեզոթերապիայի դեպքում դեղամիջոց բառը փոխարինում ենք մեզոկոկտեյլով, որն իր մեջ կարող է ներառել տարբեր խմբի վիտամիններ, պեպտիդներ, միներալներ, հիալուրոնաթթու և այլն: Մեզոկոկտեյլի ընտրությունը կախված է պացիենտի խնդրից:

Քանի՞ պրոցեդուրա է անհրաժեշտ  խնդրի վերջնական լուծում ստանալու համար և որքա՞ն ժամանակ անց կարելի է նկատելի արդյունք տեսնել:

Պրոցեդուրաների քանակն, իհարկե, կախված է խնդրից, բայց հիմնականում  միջինը 7-12 այցելություն է անհրաժեշտ: Ներարկումներն իրականացվում են շաբաթը մեկ անգամ և տևում են 10-ից 15 րոպե:

Բուժումը սկսելուց 2 ամիս անց կարելի է նկատելի արդյունք տեսնել: Կախված խնդրից՝ պացիենտները կարող են փոփոխություն զգալ 3-4 պրոցեդուրայից հետո:
Մենք պացիենտներին նախապես զգուշացնում ենք, որ ներարկումները կիսատ թողնելու դեպքում արդյունքը հնարավոր է՝ չգոհացնի:

Ի՞նչ հակացուցումներ կան:

  • Մեզոկոկտեյլի որևիցե բաղադրիչի նկատմամբ բարձր զգայնություն (ալերգիկ ռեակցիա),
  •  Օնկոլոգիական հիվանդությունները,
  •  Գլխամաշկի բորբոքային պրոցեսներ,
  • Հղիություն և կրծքով կերակրում,

Խորհուրդ է տրվում բժշկին տեղյակ պահել դաշտանային ցիկլի մասին, քանի որ դիտվում ՝է ցավի զգացողության բարձրացում և արդյունավետության նվազում:

Իսկ գլխամաշկի ո՞ր խնդիրների դեպքում մեզոթերապիան չի օգնում:

Գլխամաշկի մեզոթերապիան անօգուտ է ամբողջովին ճաղատ մարդկանց համար: Այս դեպքում կարող է օգնել միայն մազերի փոխպատվաստումը:

Մեզոթերապիայից հետո գլխամաշկի ի՞նչ խնամք է անհրաժեշտ: 

Անմիջապես պրոցեդուրայից հետո հատուկ խնամքի կարիք չկա, պարզապես ներարկման օրը չպետք է գլուխը լվանալ: Խորհուրդ է տրվում ամբողջական կուրսը ավարտելուց հետո 2 ամիսը մեկ անգամ միանգամյա պրոցեդուրա անցնել, որպեսզի արդյունքն ավելի լավ պահպանվի:

Պրոցեդուրան ցավո՞տ է թե՞ ոչ:

Ցավը տանելի է: Ներարկումներն իրականացվում են բարակ ասեղով: Ամեն ինչ արվում է, որ պացիենտի համար պրոցեսը հարմարավետ լինի:

doctors.am