Եթե մարդն իր սեռը փոխում է, ինձ համար այդտեղ այլևս մարդ հասկացություն չկա: Նա մեղքի մեջ հայտնված արարած է, իսկ ով իրեն նպաստում կամ օժանդակում է, որ այդպիսի քայլերի դիմի ու մեղքի մեջ ընկնի, ուրեմն հանցանք է գործում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Անդրանիկ սարկավագ Մանուկյանը՝ անդրադառնալով ծանրորդ Մելինե Դալուզյանի մասին նկարահանվող ֆիլմին:
«Եթե Ազգային կինոկենտրոնն այդպիսի նախաձեռնություն է ընտրել, կարող եմ ասել, որ այն մարդը, որն իր սեռը փոխում է, այդքան մեղավոր չէ, քանի որ հիվանդ է, իսկ այն մարդիկ, որոնք օժանդակում են, ավելի մեծ մեղք են գործում: Փոխանակ այդ մարդուն հարց տան՝ ինչու ես սեռդ փոխում, վերջիվերջո Աստված մարդուն էգ և արու է արարել բազմանալու և կյանքը շարունակելու համար: Ավետարանն ասում է՝ հիվանդներին բժիշկներ են հարկավոր, ուզում եմ հասկանալ, այդ բժիշկները, որոնք օժանդակել են, բժիշկ կոչվել են մարդուն փչացնելո՞ւ, թե՞ մարդուն մեղքի տակ դնելու համար: