Ինչպես ամեն տարի, այս տարի ևս Հայաստանը պատվով ներկայացավ «Մանկական Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին։ 13-ամյա երգչուհիներ Անահիտ Ադամյանն ու Մերի Վարդանյանը 7 միավոր զիջելով հարևան երկիր Վրաստանի ներկայացուցիչ Մարիամ Մամադաշվիլիին, 232 միավորով զբաղեցրին 2-րդ պատվավոր հորիզոնականը։ Աղջիկները ներկայացրին «Տարբեր» երգը, որի հեղինակներն են Ավետ Բարսեղյանն ու Նիկ Էգիբյանը: Աղջիկները բեմում հանդես եկան 2-րդ համարի ներքո: Hraparak.am-ի հետ զրույցում Անահիտ Ադամյանի պապիկը՝ ՀՀ ժողորդական արտիստ Աշոտ Ղազարյանը, ներկայացրեց իր հույզերն ու ապրումները։ «Աննկարագրելի զգացողություններ ունեմ։ Ցանկացած պապիկի համար իր թոռան ամենաչնչին ձեռքբերումն էլ կարևոր է։ Իսկ էս դեպքում 17 երկրի մեջ լավագույն եռյակում լինելը մեծ բան է։ Հատկապես, որ Անահիտը հիվանդ էր, մի կերպ՝ դեղով-դարմանով ոտքի կանգնեցրին, որ բեմ դուրս գա։
Ես իրեն ասել էի՝ մեռնելով էլ լինի, պիտի բեմ դուրս գա, որովհետև էդ համ իր, համ մեր երկրի, համ էլ իմ պատիվն ա։ Հիմա մեզ մնում ա հպարտանալ, որ էսքան փոքր երկիր լինելով էլ բարձր արդյունքներ ենք գրանցում»,-նշեց Աշոտ Ղազարյանը։ Նշենք, որ Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին մասնակցում է 2007 թվականից սկսված։ Առաջին անգամ մեր երկիրը ներկայացրեց «Արևիկ» խումբը, որն իր «Երազանք» երգով 1 միավորի տարբերությամբ գրավեց 2-րդ հորիզոնականը։ 2008-ին Մոնիկա Մանուչարովան իր «Իմ երգի հնչյունը» երգով զբաղեցրեց 8-րդ հորիզոնականը։
Լուարա Հայապետյանը՝ իր «Բարսելոնա» երգով, 2009 թվականին Կիևում զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը։ 2010-ին Հայաստանի ներկայացուցիչ Վլադիմիր Արզումանյանը՝ իր «Մամա» երգով, հավաքեց 120 միավոր և հաղթանակ բերեց Հայաստանին։ Հաջորդ տարի՝ 2011 թվականին «Մանկական Երատեսիլն» անցկացվեց Երևանում։ Հայաստանի ներկայացուցիչ Դալիթան իր «Welcome to Armenia» երգով 13 երկրների շարքում զբաղեցրեց 5-րդ հորիզոնականը։ 2012-ին Compass Band-ը զբաղեցրեց լավագույն եռյակի՝ 3-րդ հորիզոնականը՝ իր «Sweetie Baby» երգով։ 2013-ին Մոնիկա Ավանեսյանը զբաղեցրեց 6-րդ հորիզանականը։ 2014-ին Հայաստանը ներկայացրեց Բեթթին և զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը։ Իսկ 2015-ին Հայաստանը ներկայացրեց Միկան (Միքայել Վարոսյան), ով, ներկայացնելով «LOVE» խորագիրը կրող երգը, ելույթ ունեցավ 11 համարի ներքո և զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը։