Անդրանիկ Թևանյանի հրապարակումը.
2018–ի իշխանափոխությունն ուներ երկու խոշոր փայատեր՝
1. հայ ժողովուրդը (հսկիչ փաթեթ),
2. համաշխարհային խոշոր խաղացողն ու իր տարածաշրջանային օպերատորը՝ «արևմտամետի» կեղծ պիտակի տակ հանդես եկող տեղական 5–րդ շարասյան միջոցով (փոքրիկ փայաբաժին)։
2018–ի ապրիլի 23–ից հետո դրսի փայատերը խնդիր դրեց խլել հսկիչ փաթեթը հայ ժողովրդի ձեռքից ու դառնալ ամբողջական փաթեթի տեր՝ հայ ժողովրդին վերապահելով օգտագործվող օբյեկտի դերը։
Պաշտպանյալն իր քաղաքական անմեղսունակությամբ սպասարկում է այդ ծրագրի կյանքի կոչմանը։ Պաշտպանյալին վերցրել են աքցանի մեջ, բայց նա առաջին հերթին ինքն իրեն պետք է մեղադրի, քանզի ներքին խնդիրների լուծման բանալիները դրեց դրսում ու մեր երկիրը դարձրեց համաշխարհային խոշոր խաղացողների բախման թատերաբեմ։
«Մարտի 1–ը» ու «հոկտեմբերի 27»–ն այն ականներն են, որոնց վրա դրսի ուժերն իրենց 5–րդ շարասյան միջոցով փորձում են պայթեցնել Հայաստանն ու Արցախը։
Ներքաղաքական ցնցումներն ու մենիշխանության հաստատման փորձերը ևս ձեռնտու են դրսի ուժերին, քանի որ Հայաստանն այդպիսով թուլանում է ու դառնում ավելի զիջող արտաքին կողմնորոշման ու սեփական անվտանգության հարցերում։
Դրսի փայատերը ձգտում է դառնալ մեր երկրի միակ սեփականատերը։ Դա շատ վտանգավոր փորձ է մեզ համար։
Վտանգը կրկնակի է դառնում, քանզի հեղափոխության դրսի փայատիրոջ տարածաշրջանային օպերատորը Թուրքիան է։ Վերջինիս 5–րդ շարասյունն էլ ակտիվացվել է հոկտեմբերի 27–ի թեմայով։ Այսինքն՝ 1999–ին դրսից կրակեցին մեր պետության վրա ավտոմատով, իսկ հիմա կրկին կրակում են, բայց արդեն այլ տեխնոլոգիայի միջոցով։
Եվ այս ամենը տեղի է ունենում Ադրբեջանի հետ պատերազմից հինգ պակաս։
Հ.Գ.։ Կարելի է մի կողմ դնել պատմության դասագրքերն ու չխորանալ արխիվների մեջ՝ պարզելու համար, թե ինչպես ընկավ Կարսը և ինչպես 1920–ին պետություն կորցրեցինք։ Ամեն ինչ մեր աչքի առաջ կրկնվում է։
100 տարի առաջ թունդ հեղափոխականները կասյաններն ու ղուկասղուկասյաններն էին, որոնք թուրքերին եղբայրներ ու քույրեր էին անվանում՝ ծառայելով համաշխարհային պրոլետարիատի գաղափարին, ոսկի ու զենք հասցնելով «կարմրող» Աթաթուրքին և պայքարելով հայկական պետության դեմ։ «Մերոնց» ձեռքերով ու մերոնց վատ կառավարման հետևանքով 1–ին հանրապետությունը վերացավ։
Հիմիկվա Ղուկաս Ղուկասյանը՝ Նաիրի Հունանյանի զրուցակից դարձած քարոզչական ահաբեկիչն է։ Նա հիմա այլ կերպ է զենք ու ոսկի հասցնում Թուրքիային և ծառայում համաշխարհային «պրոլետարիատի» մեկ այլ առաջնորդի։
Եթե հայ ժողովուրդը համաձայնի իր հսկիչ փաթեթը զիջել դրսին ու դառնալ սովորական վարձու աշխատող՝ թնդանոթի միս, ապա արդյունքները լինելու են ավելի վատը, քան 100 տարի առաջ։