«Էդ ինչ աշխատավարձի բարձրացում ա, որ համ ժողովրդի հաշվին ա, համ ժողովրդից թաքուն»
Advertisement 1000 x 90

«Էդ ինչ աշխատավարձի բարձրացում ա, որ համ ժողովրդի հաշվին ա, համ ժողովրդից թաքուն»

Համազգային թատրոնի նախկին փոխտնօրեն Մանուկ Նիգոյանը գրում է․ «Ասում եք՝ նախարարների ու փոխնախարարների աշխատավարձերը կրկնապատկվել է հա՞: Ասում եք՝ վարչապետի գաղտնի որոշմամբ հա՞: Ասում եք՝ բա մեր հարկե՞րը, բա այդ անփորձնե՞րը, բա ժողովու՞րդը, բա թոշակնե՞րը․․․

Ես ուրիշ բան եմ ուզում ասել․

Տղերք, բա բարոյականությու՞նը, տղերք: Ախր, տղերք, իմ արդարամիտ ընկերներ, իմ պայքարող ընկերներ, հեղափոխության խորհրդանիշ ընկերներ, հակակոռուպցիոն պայքարի, հավասարության, ժողովրդավարության առաջամարտիկ ընկերներ, բա ձեզնից մեկը տանը մի հայելի չունե՞ր, նստեր հայելու առաջ ու ինքն իրենց հարցներ` արժանի է այդ աշխատավարձին, թե՞ ոչ: Կամ էդ ինչ աշխատավարձի բարձրացում ա, որ համ ժողովրդի հաշվին ա, համ ժողովրդից թաքուն: Ախր էդ ի՞նչ փոխվեց, որ երկու տարի առաջ մենք հայհոյում էինք ժողովրդի հաշվին աշխատավարձ ստացող ու հանուն ժողովրդի ոչինչ չանող պետական պաշտոնյաներին, իսկ ընդամենը երկու տարի հետո դուք զբաղեցնելով էդ պաշտոնները թույլ եք տալիս, որ ձեր աշխատավարձերը կրկնապատկվեն ու կրկնապատկվեն ժողովրդից գաղտնի:

Սպասեք, սպասեք, թույլ տվեք գուշակել, դուք իհարկե կասեք՝ մենք կաշառք չենք վերցնում, մենք չենք թալանում, դրա համար մեր աշխատավարձերը բարձրացրել են: Իսկ նախկինները գողանում էին: Տղերք, այո՛, ես մեղք չեմ վերցնի ինձ վրա ու չեմ կոծկի ճշմարտությունը, նախկիններն այո՜, գողանում էին, կաշառք էին վերցնում, ատկատ էին տալիս, դուք այո՛, խոստացել եք նման բաներով չզբաղվել, ու այ էդ խոստման դիմաց ժողովուրդը Ձեզ մանդատ ա տվել, այսինքն էդ խոստման վարձը դուք արդեն ստացել եք, դա վստահությունն ա, ու Ձեր նշանակումն ա, չնայած նրան, որ այդ նշանակումը որոշներիդ աշխատանքային կենսագրության մեջ առաջին տողն ա:

Ու հիմա Ձեր օրինականապաշտությունը ժողովրդի վրա նորից վաճառելը եկեք խոստովանենք՝ ազնիվ չէ, համենայնդեպս էդպիսի պայմանավորվածություն չի եղել: Գիտեմ, գիտեմ, կասեք անօրինական ոչինչ չկա մեր աշխատավարձերի բարձրացման մեջ, բայց տղերք, անօրինականություն կա, որովհետև սահմանված գործակցով բարձրացման դեպքում Ձեր աշխատավարձը այս պահի բարձրացվածի կեսի չափ էր բարձրանալու, բայց դա էլ մի կողմ, բա օրենքի ոգի՞ն, չէ որ դուք պայքարել եք ոչ թե օրենքի տառի, այլ դրան զուգահեռ նաև օրենքի ոգու գերակայության համար, և էդ ոգին իմ ու ձեր բարոյականությունն ա իմ ու ձեր առաջ, ժողովրդի առաջ:

Պարոնայք, հիմա դուք ստանում եք ուսուցիչներից 7, գիտաշխատողներից 10, գրադարանավարներից 14 անգամ ավել աշխատավարձ: Այո, չէ որ Ձեր արած գործն ավելի կարևոր է, և եթե էս բոլոր ասածներիս դուք ունեք արդարացի պատասխան ու ես սրիկա հակահեղափոխական եմ, ով փորձում ա մանիպուլիացնել հասարակությանը, ապա ևս մեկ անգամ հիշեք՝ Ձեր աշխատավարձերը բարձրացվել է գաղտնի, օրենքով սահմանվածից ավելի, և դուք արդեն ստացել եք Ձեր կրկնապատկված աշխատավարձը, կուսությունը պատահաբար կորցրած նախկին օրիորդի պես այն թաքցրել եք նույնիսկ Ձեր ծնողներից ու ընկերներից, և ինձ մնում է միայն հուսալ, որ դուք կմտածեք այս ամենի մասին, քնելուց առաջ, գոնե տասը րոպե: Եվ ինձ մնում է նաև հուսալ, որ այսքանից հետո, դուք արդարության, հայրենիքի, պետության, ժողովրդի ու էլի նման վեհ արժեքների մասին կխոսեք գոնե ցածրաձայն, ցածրաձայն ու վախեցած, բացահայտվելու վտանգն ամեն վայրկյան սրտում պահած գողի շուրթերից դուրս եկող օրինկանություն, արդարություն և ազնվություն բառերի պես»։



Նման նյութեր