«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման պարագլուխ Աբու Բաքր ալ Բաղդադիի գտնվելու վայրը, որը, ինչպես հայտարարվել է, ոչնչացվել է Սիրիայի Իդլիբի նահանգում ԱՄՆ-ի հատուկ գործողության արդյունքում, պարզվել է նրա հիմնական օգնականներից մեկի օժանդակության շնորհիվ: Այդ մասին հոկտեմբերի 27-ին հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Իրաքի հատուկ ծառայությունների աղբյուրներ:
Ալ Բաղդադիի երկարատեւ որոնումների ընթացքում Իրաքի հետախուզության աշխատակիցները 2018 թվականի փետրվարին հայնաբերել են ԻՊ-ի պարագլխի հիմնական օգնականներից մեկին՝ Իսմայել ալ Էթավիին: Ալ Էթավին ձերբակալվել է թուրք զինվորականների կողմից եւ հանձնվել Իրաքի անվտանգության ուժերին: «Ալ Էթավին մեզ մանրամասնություններ է ներկայացրել հինգ տղամարդու, ներառյալ իր մասին, որոնք հետ ալ Բաղդադին հանդիպումներ է ունեցել Սիրիայում, եւ տարբեր վայրերի մասին, որոնք իրեն օգտագործում էին հանդիպումների համար»,-գործակալությանը պատմել է Իրաքի հատուկ ծառայությունների աշխատակիցներից մեկը:
Իրաքյան աղբյուրները Իսմայել ալ Էթավիին համարում են ալ Բաղդադիի հինգ գլխավոր օգնականներից մեկը: Ալ Էթավին 2006 թվականին միացել է «Ալ Քաիդա» ահաբեկչական ցանցին:
Նա ԱՄՆ-ի զինվորականների կողմից ձերբակալվել է 2008 թվականին, ինչից հետո չորս տարի անցկացրել է բանտում: Ազատվելուց հետո նա հարել է ԻՊ-ին: Ալ Բաղդադիի գտնվելու վայրը վերջնականապես հաջողվել է պարզել այս տարի ԱՄՆ-ի, Թուրքիայի եւ Իրաքի հետախուզությունների համատեղ գործողության ընթացքում: Հետախույզները բռնել են ԻՊ-ի եւս մի քանի ահաբեկիչների եւ նրանցից տեղեկատվություն ստացել Սիրիայում ալ Բաղդադիի հետ հանդիպումների վայրերի վերաբերյալ, իսկ այնուհետեւ պարզել, որ ԻՊ-ի պարագլուխն ընտանիքի հետ թաքնվում է Իդլիբի շրջանում:
Ի վերջո, Իդլիբի շուկաներից մեկում իրաքյան հատուկ ծառայությունների սիրիացի իրազեկիչները նկատել են նույն այն Իսմայել ալ Էթավիին (Reuters-ը չի ճշտում նրա ճակատագիրը անվտանգության իրաքյան ուժերին հանձնման պահից): Նրա նկատմամբ լրտեսումը թույլ է տվել հայտնաբերել ալ Բաղդադիի գտնվելու վայրը եւ պարագլխի նկատմամբ հսկողություն հաստատել արբանյակի ու դրոնների օգնությամբ: Հոկտեմբերի 25-ին ալ Բաղդադին տեղափոխվել է նոր վայր, որտեղ եւ ոչնչացվել է ամերիկացի զինվորականների կողմից: Ընդսմին The New York Times թերթն ավելի վաղ հայտնել է, որ ալ Բաղդադիի գտնվելու վայրը պարզվել է այս տարվա ամռանը նրա կանանցից մեկի ու հանձնակատարի ձերբակալման ու հարցաքննության արդյունքում: Հրատարակությունը չի նշել հանձնակատարի անունը: