Արդեն հայտնել ենք, որ Միջազգային օլիմպիական կոմիտեն հայտնել է որակազրկված այն մարզիկների անունները, որոնց արգելված նյութեր օգտագործելու պատճառով ժամանակավորապես արգելվել է մասնակցել միջազգային մրցումների: Այդ մարզիկների թվում է նաև Հռիսիմե Խուրշուդյանը: ՄՕԿ-ը հայտնել էր նաև, որ ՀԱՕԿ-ը պետք է հնարավորինս շուտ հետ վերադարձնի Լոնդոն-2012-ում Խուրշուդյանի նվաճած բրոնզե մեդալը: Այս առիթով Yerkir.am-ը զրուցեց Խուրշուդյանի հետ:
«Առաջինը ձեզանից եմ լսում այդ ամենի մասին: Ես ոչ մեկին հետ չեմ տա իմ նվաճած մեդալը: Եթե ինչ-որ բան սխալ եմ արել, թող նույն պահին վերցնեին այն: 4 տարի է անցել, և հիմա մեդալը հետ վերադարձնելը աբսուրդ է: Ես իրենց մեդալ տվողը չեմ: Եթե խթանիչ օգտագործած լինեի, թող հենց տվյալ պահին որակազրկեին: Այդպիսի բան գոյություն չունի: Մենք միայն վիտամիններ ենք օգտագործում, այն էլ` բժշկի հսկողությամբ»,- ասաց մարզուհին: