Սուրճի մեջ կարող են պարունակվել վտանգավոր միկոտոքսիններ. գիտնականներ
Advertisement 1000 x 90

Սուրճի մեջ կարող են պարունակվել վտանգավոր միկոտոքսիններ. գիտնականներ

Սուրճի մեջ կարող են պարունակվել միկոտոքսիններ, որոնք արտադրվում են մանրադիտակային բորբոսասնկերի կողմից և մարդու օրգանիզմի համար պոտենցիալ վտանգավոր են: Այս մասին զգուշացնում են Վալենսիայի համալսարանի (Իսպանիա) գիտնականները:

Փորձագետների խոսքով՝ միկոտոքսինները առավել հաճախ Aspergillus և Fusarium կարգի սնկերի գործունեության արգասիք են: Այդպիսի բորբոս է զարգանում մթերքների վրա, երբ խախտվում են դրանց պահպանման պայմանները: Նախկինում հայտնի էր, որ մարդու օրգանիզմի համար վտանգավոր միկոտոքսիններ արտադրող բորբոսը առանձնապես հաճախ է առաջանում հատիկավոր մթերքներում, լոբազգիներում, ընկույզներում և սերմերում: Սակայն, իսպանացի հետազոտողների տվյալներով, միկոտոքսիններ կարող են հայտնվել նաև սուպերմարքեթներում վաճառվող սուրճի մեջ:

Գիտնականները ստուգել են տարբեր տեսակի սուրճի 103 նմուշ, որոնք գնվել են Վալենսիայի սուպերմարքեթներում: Հետազոտողների խոսքով՝ իրենց ստուգած սուրճի բոլոր նմուշները պարունակել են այնպիսի նյութեր, ինչպես աֆլատոքսիններ, ֆումոնիզիններ, տրիխոտեցեններ, օխրատոքսիններ և այլն, և որոշ դեպքերում մթերքի մեջ դրանց խտությունը բավականին բարձր էր:

Այս նյութերը, հատկապես աֆլատոքսինները, ենթադրաբար, կարող են նպաստել լյարդի քաղցկեղի զարգացմանը, խախտել հորմոնային և իմունային համակարգերի, ինչպես նաև երիկամների աշխատանքը:

Միկոտոքսինների գլխավոր վտանգն այն է, որ դրանք անհնար է հայտնաբերել մթերքները սովորական զննելիս. դրանք չեն փոխում մթերքի համը, բույրը և գույնը, ավելին՝ դրանք չեն քայքայվում ջերմային մշակման ենթարկելիս կամ սառեցնելիս: Միկոտոքսինների մեծ մասը քիմիական կայուն միացություններ են, դրանք պահպանվում են պահելու և վերամշակելու գործընթացում, նույնիսկ բարձր ջերմաստիճաններում պատրաստելու ընթացքում:

Փորձագետները նշում են, որ ցորենը, լոբազգիները, նպարեղենը, ալյուրը, հացաբուլկեղենի արտադրանքը, ընկույզները լավ օդափոխվող չոր տեղում խնամքով պահելը նվազեցնում է սնկերի աճը և համապատասխանաբար՝ այդ մթերքներում միկոտոքսինների կուտակումը:

Իսկ եթե այս մթերքներում առաջանում է մգլահոտ կամ բորբոսահոտ, դրանք օգտագործել չի կարելի:

news.am