Աստղիկ Սաֆարյանը նոր ֆոտոշարքով է ներկայացել, որում երգչուհին սեքսուալ եւ գրավիչ կնոջ կերպարում է. Աստղիկը NEWS.am STYLE-ի հետ զրույցում խոսել է, թե ինչպես է փորձել ստեղծել սեքսուալ կերպարը՝ չանցնելով վուլգարության սահմանը եւ ինչու մինչեւ 30 տարեկանը նման համարձակ ֆոտոշարքերով չէր ներկայանում:
«Ցանկացել ենք ստանալ աշխատանք, որը կլինի ինչպես նրբագեղ, այնպես էլ գրավիչ, կլինի համարձակ, բայց ոչ վուլգար»,-նշում է նա ու հավելում. «Կարծում եմ՝ շատ ավելի գեղեցիկ է ստացվել, քան պատկերացնում էի»:
Ֆոտոշարքն իրականացրել է լուսանկարիչ Գոռ Ռոբերտովչը, որի հետ երգչուհին առաջին անգամ չի համագործակցում.
«Գոռի հետ շատ եմ աշխատել դեռ 2016-ից՝ թե´ իմ երրորդ ձայնասկավառակի ֆոտոշարքի շրջանակում, թե´ «Էլ» ամսագրի շապիկի համար, թե´ տարբեր գովազդային ֆոտոշարքերի շրջանակում: Նա ժամանել է Ուկրաինայից, անգամ հասցրել է աշխատել ուկրաինական Vogue-ի համար: Կարծում եմ՝ Գոռը շատ պրոֆեսիոնալ աչք ունի, միշտ կարողանում է ճիշտ գտնել սեքսուալության եւ մեղմության սահմանը, դա է պատճառը, որ նրա հանդեպ աշխատանքային մեծ վստահություն ունեմ»,-պատմում է երգչուհին, որի կարծիքով՝ կնոջ մեջ ամենագրավիչը նրա ինքնավստահությունն է՝ իր անձի, կազմվածքի հանդեպ. «Իսկ ես ունեմ դա իմ մեջ»,-հավելում է նա:
Աստղիկն անդրադարձել է նաեւ սեքսուալությունը վուլգարության չվերածելու նրբությանը.
«Պետք է, պարզապես, ներքուստ չլինել վուլգար. սա վերաբերում է ոչ միայն արտիստին եւ լուսանկարչին, որոնք դա պետք է ներկայացնեն, այլեւ մարդկանց, որոնք դա պետք է տեսնեն եւ ընկալեն: Եթե արտիստն իր մեջ չի պարունակում վուլգարության տարրեր, ապա երբեք չի կարող վուլգար ներկայանալ: Կերպար ընտրելիս ընտրում ես ոչ թե վուլգարը, այլ համարձակը: Դիմահարդարման եւ վարսահարդարման հարցում եւս այդ սկզբունաով ես առաջնորդվում: Բայց պետք է խոստովանեմ, որ դա միակողմանի չի գործի. լուսանկարիչը եւս պետք է չունենա այդ վուլգար աչքը, որպեսզի կարողանա ճիշտ ընդգծել այդ սահմանը: Սա թիմային աշխատանք է: Եթե ես զգամ, որ լուսանկարիչն անցնելու է այդ սահմանը, եւ համաձակը ներկայացնելու է վուլգար կերպով, միանշանակ, չեմ աշխատի նրա հետ: Նույնն էլ դիտորդի պարագայում է. եթե մարդն իր մեջ ունի վուլգար աչք, նա ամենանրբագեղ նկարի մեջ էլ կտեսնի միայն վուլգարը»:
Ամբողջությամբ՝ style.news.am