Չեստիտի Պատերսոնը 4 տարի առաջ կորցրել է հորը ու չի կարողացել համակերպվել վշտի հետ: Ցավը թեթևացնելու համար նա որոշել է ամեն օր նամակներ գրել հոր հեռախոսին ու պատմել իր կյանքի ամեն մի կարևոր իրադարձության, ամեն մի ապրած օրվա մասին: Նա պատմել է․ թե ինչպես է պայքարել քաղցկեղի դեմ, ինչպես է ավարտել համալսարանը, ինչպես է իր ընկերը հեռացել իրենից ու ինչպես է նա սկսել նոր սեր փնտրել: Արդեն չորրորդ տարում աղջիկն ավելի ու ավելի շատ է սկսել գրել այն մասին, թե ինչքան է կարոտում հորը, հետո գրել է, թե շատ կցանկանար, որ հարսանիքին ներկա լիներ հայրը և ծնողական օրհնանք տար իրեն, որ տեսներ թե ինչքան է ինքը մեծացել ու դարձել արժանավոր մարդ, որ իրենով հայրը կարող է հպարտանալ:
«Ողջույն հայրիկ: Վաղը նորից դժվար օր է սպասվում: Չորս տարի է անցել այն օրվանից, երբ դու հեռացար ինձանից: Չկա մի օր, որ ես չհիշեմ քեզ ու չկարոտեմ: Ես ընդամենը ուզում եմ ասել, որ շատ եմ սիրում քեզ»,- իր վերջին նամակներից մեկում գրել է Չեստիտին:
Այս նամակից հետո էլ տեղի է ունեցել անհավատալին: Աղջիկը պատասխան է ստացել հոր հեռախոսից: Պարզվել է, որ հոր մահից հետո նրա հեռախոսահամարը փոխանցվել է այլ բաժանորդի՝ Բրեդ անունով տղամարդու: Բրեդն իր կյանքում ևս մեծ ողբերգություն է ապրել: Ավտովթարի ժամանակ նա կորցրել է աղջկան, ու այդ դեպքից հետո բազմաթիվ անգամ մտածել է ինքնասպանության մասին: Սակայն Չեստիտիի նամակները նրա վրա մեծ դրական ազդեցություն են գործել: Իր պատասխան նամակում Բրեդը խոստովանել է, որ անհամբերությամբ սպասել է Չեստիտիի ամեն մի նամակին:
«Ես կորցրեցի իմ աղջկան 2014 թվականի օգոստոսին, և քո նամակները փրկեցին իմ կյանքը: Ես ցավակցում են քեզ, որ դու շատ մոտ մարդու ես կորցրել: Այս չորս տարիների ընթացքում միշտ մտածել եմ քեզ պատասխանելու մասին, բայց վախեցել եմ հանկարծ սիրտդ չկոտրեմ: Ես շատ կուզենայի, որ իմ աղջիկը կենդանի մնար և լիներ քո նման»,- գրել է Բրեդը:
Այս հետաքրքիր պատմությունը հայտնվել է համացանցում և միլիոնավոր մարդկանց սրտեր է հուզել: