Բաղանիս, Կոթի և Ոսկեպար գյուղերում գիշերը խաղաղ չի եղել. ի՞նչ վնասներ են կրել. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Բաղանիս, Կոթի և Ոսկեպար գյուղերում գիշերը խաղաղ չի եղել. ի՞նչ վնասներ են կրել. armeniasputnik.am

Տավուշի մարզի Բաղանիս, Կոթի և Ոսկեպար գյուղերում այս գիշեր խաղաղ չի եղել։ Ադրբեջանական կողմից կրակոցներ են հնչել գյուղերին հարակից դիրքերի, տեղ–տեղ նաև գյուղերի վրա։

«Գիշերը կրակել են դիրքերի վրա։ Մեր գյուղի վրա կրակոցներ չեն եղել, հետևաբար վնասներ էլ չենք կրել»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Բաղանիսի վարչական ղեկավար Նարեկ Սահակյանը։

Իսկ Կոթի գյուղի հատվածում կրակոցները հենց գյուղի վրա են եղել։ «Գիշերը 3–ին մոտ սկսեցին կրակել։ Մոտ մեկ ժամ տևեց, ընդհատումներով»,–մեզ հետ զրույցում ասաց Կոթի վարչական ղեկավար Ֆելիքս Մելիքյանը` հավելելով, որ այս պահին վնասների մասին ամփոփ տեղեկություն չունեն, ճշտում են։

Ոսկեպարում էլ են կրակոցները նպատակային` դիրքերին ուղղված եղել, բայց բանն այն է, որ այստեղ դիրքերը գյուղին շատ մոտ են։

«Ընդհատումներով երկար ժամանակ կրակել են, բայց, բարեբախտաբար, տուժածներ և վնասներ չունենք»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Ոսկեպարի վարչական ղեկավար Սերոբ Մախսուդյանը։

Հիշեցնենք, որ Տավուշում երեկ գիշեր և այսօր վաղ առավոտյան հակառակորդը տարբեր տրամաչափի զենքերից կրակել է մի քանի գյուղերի և մարտական դիրքերի ուղղությամբ։  ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի հավաստմամբ` կրակոցները լռել են միայն պատասխան կրակից հետո։

armeniasputnik.am