Փաշինյանի համար նոր ինքնաթիռ կգնե՞ն. պատասխանում է աշխատակազմի ղեկավարը
Advertisement 1000 x 90

Փաշինյանի համար նոր ինքնաթիռ կգնե՞ն. պատասխանում է աշխատակազմի ղեկավարը

Հայաստանի վարչապետի աշխատակազմը քննարկում է Փաշինյանի համար նոր ինքնաթիռի ձեռքբերման հնարավորությունը։ Այս մասին այսօր ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը։

«Վարչապետին սպասարկելու համար նոր օդանավ ձեռք բերելու հարցն այս պահին քննարկման փուլում է, վերջնական որոշում չկա»,–ասաց Աղաջանյանը։

Խոսելով նոր օդանավ ձեռք բերելու անհրաժեշտության մասին` Աղաջանյանը որպես պատճառ նշեց, որ ներկայիս օդանավը բավականին հին է և դրանից բխող ընթացիկ ծախսերը, բնականաբար, բավականին թանկ են։

«Նաև մենք ունենք տրանսատլանտյան չվերթեր իրականացնելու խնդիր, այն տեխնիկապես չի կարող հատել օվկիանոսը»–բացատրեց Աղաջանյանը` հավելելով, որ այդ խնդիրը վերացնելու համար կցաբակ ձեռք բերելը բավականին թանկ հաճույք է և, միգուցե, հաշվարկների արդյունքում պարզ դառնա, որ ավելի նպատակահարմար կլինի նոր ինքնաթիռի ձեռքբերումը։

Նշենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանին սպասարկում է  ՀՀ 3–րդ նախագահ Սերժ Սարգսյանին սպասարկած ինքնաթիռը։ Հավելենք նաև, որ 2020–ին  վարչապետի աշխատակազմի ֆինանսավորումն ավելանալու է 4 մլրդ դրամով։

armeniasputnik.am