Դիաբետով հիվանդ մարդիկ հաճախ են խնդիրներ ունենում՝ կապված սրտի, ուղեղի, նյարդերի, երիկամների և ոտքերի հետ: Այս խնդիրների առաջացումը կանխարգելելու լավագույն միջոցը արյան մեջ շաքարի պարունակությունը կարգավորելն է և առողջական վիճակի մասին մշտապես հոգ տանելը:
ՈՒղեղ
Դիաբետը մեծացնում է ուղեղի կաթվածի հնարավորությունը:
Ահազանգող ախտանշաներն են՝
- Թմրածություն (թմրում են դեմքը, ձեռքերը, ոտքերը. թմրածությունն արտահայտվում է մարմնի միայն մի կողմում),
- Հանկարծակի սրտխառնոց,
- Խոսելու կամ պարզ բառեր և նախադասություններ հասկանալու դժվարություն,
- Հանկարծակի սկսվող ուժեղ գլխացավ և տեսողության աղոտացում,
- Մարմնի հավասարակշռության կորուստ:
Աչքեր
Դիաբետով հիվանդ մարդիկ նվազագույնը տարին մեկ անգամ պետք է ակնաբույժի հաճախեն և մանրամասն հետազոտվեն: Աչքերի խնդիրները կարող են արտահայտվել տեսողության աղոտացմամբ, տեսողության մեջ կետերի կամ բծերի առկայությամբ, աչքում անհարմարության զգացողությամբ կամ առհասարակ տեսողության կորստով:
Դիաբետի դեպքում կարող են առաջանալ աչքերի հետևյալ բարդությունները՝
- Կատարախտ,
- Գլյուկոմա,
- Ռետինոպաթիա:
Սիրտ
Դիաբետ ունեցող մարդիկ առավել շատ են հակված սրտի հիվանդությունների և կաթվածի: Հենց սրտի հիվանդություններն են հաճախ դիաբետով հիվանդ մարդկանց մահվան պատճառ դառնում: Շատ կարևոր է արյան մեջ շաքարի պարունակության կարգավորման հետ մեկտեղ հետևել օրգանիզմում խոլեստերինի քանակությանը և արյան բարձր ճնշմանը: Ախտանշաններ, որոնց դեպքում պետք է անհապաղ դիմել բժշկի՝
- Շնչառության կարճատևություն,
- Թուլություն և գլխապտույտ,
- Առատ քրտնարտադրություն և սրտխառնոց,
- Ճնշում և ցավ կրծքավանդակում,
- Ցավ ուսերի և ձախ ձեռքի շրջանում
Երիկամներ
Առնվազն տարին մեկ անգամ ստուգեք մեզի մեջ սպիտակուցների առկայությունը: Մեզում սպիտակուցների առկայությունը երիկամային հիվանդության նշան է: Արյան բարձր ճնշումը նույնպես կարող է հանգեցնել երիկամի հիվանդության: Ատանիշներ, որոնք հուշում են երիկամների հիվանդության մասին՝
- Ձեռքերի, ոտքերի և դեմքի այտուցվածություն,
- Այտուցից քաշի ավելացում,
- Քնկոտություն, որը սովորաբար առաջանում է երիկամների հիվանդության վերջին փուլում:
Ոտնաթաթեր
Արյան մեջ շաքարի բարձր պարունակությունը կարող է խոչընդոտել արյան շրջանառությունը և վնասել նյարդը, որն էլ իր հերթին դանդաղեցնում է վերքերի ապաքինումը: Կարող են առաջանալ անտանելի ցավեր և ոտնաթաթերի անզգայացում: Վատագույն դեպքում սա հանգեցնում է մատների, ոտնաթաթի կամ ամբողջ ոտքի անդամահատման:
Նյարդեր
Արյան մեջ շաքարի բարձր պարունակությունը կարող է ազդել մարմնի բոլոր նյարդային վերջույթների վրա: Նյարդի վնասումը կարող է մի շարք խնդիրներ առաջացնել.
Նյարդի վնասման ախտանիշներից են`
- Այրող ցավ,
- Թմրածություն,
- Ոտնաթաթերի կամ ոտքի ստորին հատվածի անզգայացում կամ ծակծկոց,
- Սեռական ֆունկցիայի խախտում թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց մոտ: