20-րդ դարասկզբին Հայոց ցեղասպանության լուրերը աշխարհի տարբեր ծայրերից մտահոգ մարդկանց բերեցին Օսմանյան կայսրություն` աջակցություն ցուցաբերելու հայերին։ Միսիոներների շարքում շատ էին կանայք, որոնք մայրեր դարձան ծնողազուրկ հայ փոքրիկներին։ Sputnik Արմենիան երեք մասով ներկայացնում է այս կանանց պատմությունները, որոնց հավաքագրելուն օգնեց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության գործադիր տնօրեն Հայկ Դեմոյանը։
«Իմ սիրտը հայի է». Աննա Հեդվիգ Բյուլ
Էստոնիայում ծնված Աննա Հեդվիգ Բյուլը 1911-ին գալիս է Կիլիկիա` Մարաշում ուսուցչություն անելու։ Օսմանյան կայսրությունում արդեն սկսվել էին հայերի ջարդերը։ Գերմանացի ավետարանական քարոզիչները Մարաշում բացում են «Բեյթել» որբանոցը, որում պատսպարվում են ծնողներին կորցրած հարյուրավոր հայ երեխաներ։ Աննան, թողնելով ուսուցչուհու իր գործը, ցանկություն է հայտնում աշխատել որբանոցում։
Աննա Հեդվիգ Բյուլ
Այդ որոշումը փոխում է ոչ միայն որբերի, այլև իր կյանքը։ Մի քանի տարի շարունակ Աննան խնամում է որբանոցի երեխաներին, ծանոթանում հայ ժողովրդի կրած տանջանքներին։ Իմանալով, որ Հալեպում ավելի քան 160 հազար հայ գաղթական կա, որոնք անտանելի պայմաններում են ապրում, նա 1922-ին մեկնում է Հալեպ, որտեղ զորավիգ է լինում հայերի համար անվճար հիվանդանոցի կառուցմանը։ Առողջական հրատապ հարցերը լուծելուց հետո Աննան աշխատում է հայերին սիրիական հանրության մեջ ինտեգրելու ուղղությամբ։ Նախ` նա հիմնում է ջուլհականոց և ձեռագործ արհեստանոց, որտեղ աշխատելու հնարավորություն են ստանում 500 հայ կանայք, հետո գումար է հավաքում 250 հայ երեխայի ուսման համար։ Սիրիայի հայ համայնքն այնքան է կապվում կնոջ հետ, որ նրան «Բյուլ մայրիկ» է կոչում։ Ինքն էլ պարբերաբար ասում է, որ իր «սիրտը հայի է»։
Աննա Հեդվիգ Բյուլը 30 տարի աշխատում է սիրիահայ համայնքի հետ` այդպես էլ չստեղծելով իր սեփական ընտանիքը։ 64 տարեկանում նա գնում է Գերմանիա, ապրում է ծերանոցում, որտեղ էլ մահանում է 94 տարեկանում։ Կյանքի վերջին տարիներին Բյուլը ցրված սկլերոզ է ունենում, ինչի հետևանքով մոռանում է իր իմացած վեց լեզուները` հիշելով միայն Մարաշում և Հալեպում սովորած արևմտահայերենը, որով էլ ապաշխարում է մահվան մահճում։
Չստացված ինքնասպանություն. Քարեն Եփփե
Դանիացի Քարեն Եփփեն 1902-ին մամուլից տեղեկանում է Օսմանյան կայսրությունում հայերի ջարդերի մասին։ Նա հայերին օգնելու ցանկությամբ դիմում է Յոհաննես Լեփսիուսին, որն արդեն զբաղվում էր հայերի ջարդերի դատապարտմամբ։ 1903-ին 27-ամյա Քարենը գնում է Ուրֆա, որտեղ զբաղվում է 300 հայ որբերի խնամքով։
Քարեն Եփփե
1915-ի կոտորածների ժամանակ կնոջը հաջողվում է իր սենյակում հիսուն հայի թաքցնել։ Ամեն օր Քարենը ականատես է լինում դաժան տեսարանների, որոնք խռովում են նրա հոգեկան աշխարհը։ Քարենը փորձում է ինքնասպան լինել, հասցնում են խանգարել նրան թաքցրած հայերը։ Ապշելով ու հիանալով բարեկամներ և գույք կորցրած այդ մարդկանց կենսասիրությունից` Եփփեն որոշում է ուժերը հավաքել և փախցնել նրանց Թուրքիայից։ Խաբեություններով և կաշառքներով նա հիսուն հայի հետ փախչում է Հալեպ։
Հալեպում Քարենը նույնպես զբաղվում է հայ համայնքով։ Նա հատկապես զբաղվում է առևանգված ու մուսուլմանական հարեմներում հայտնված հայ կանանց ու նրանց երեխաներին ազատելով` փրկելով 2000 մարդու։ Եփփեն մահանում է Հալեպում` մալարիայից։ Իր կտակի համաձայն` նրան հայ առաքելական եկեղեցու ծեսով թաղում են հայկական գերեզմանատանը։ 1947-ին Հալեպում հիմնադրվում է երկսեռ ճեմարան, որը կոչվում է միսիոներուհու անունով։ Քարեն Եփփեի անվան ճեմարանը գործում է մինչ օրս` չնայած, որ 2014-ին Սիրիայի պատերազմը ճեմարանին էլ է հասել` այն հրթիռակոծվել էր։
Քարեն Եփփեի անվան ճեմարան
Ամբողջությամբ՝ armeniasputnik.am