
Զբաղվածության պետական գործակալության տվյալների համաձայն՝ 2019թ.-ի հոկտեմբերի 1-ի դրությամբ աշխատանք փնտրողների թիվը կազմում է 83.3 հազար մարդ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 1.3 տոկոսով, իսկ տարեսկզբի նկատմամբ` 2 տոկոսով: Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:
Հոկտեմբերի 1-ի դրությամբ գործազուրկների թվաքանակը կազմում է աշխատանք փնտրողների 74.3 տոկոսը կամ 61.9 հազար մարդ: Տարեսկզբից հավաքագրվել է 10 հազար 196 չկրկնվող թափուր աշխատատեղ, դրանցից 281-ը նոր ստեղծված աշխատատեղ է:
Հոկտեմբերի 1-ի դրությամբ աշխատանքի է տեղավորվել 9 հազար 120 աշխատանք փնտրող, նրանցից 1504-ը կայուն զբաղվածություն ապահովող ծրագրերի միջոցով:
Գործազրկության մակարդակը, համաձայն ՀՀ վիճակագրական կոմիտեի, 2019թ. 2-րդ եռամսյակում կազմել է 17.7 տոկոս՝ նախորդ տարվա 20.2 տոկոսի դիմաց: