Հոկտեմբերի 31-ին, արտակարգ ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 18։30-ի սահմաններում ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ Մասիս-Նորաբաց ավտոճանապարհի P կետի 2867 կմ-ին կնոջ դի կա և ըստ նախնական տեղեկությունների՝ նա ընկել է բեռնատար գնացքի տակ։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար, ոստիկանության գնդապետ Արթուր Զաքարյանի և ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Գևորգ Պողոսյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ, արդարադատության մայոր Գեղամ Մկրտչյանն ու ավագ քննիչ Արթուր Բաբայանը։ Ոստիկաններն ու քննիչները նշված հատվածում՝ գնացքի գծերից մոտ 1 մետր հեռավորության վրա, հայտնաբերել են ինքնությունը դեռևս չպարզված միջին տարիքի կնոջ դի։
Օպերատիվոեն դեպքի վայր են ժամանել նաև «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության անվտանգության ծառայության բաժնի պետ Ավետիք Օհանյանն ու բաժնի պետի տեղակալ Արսեն Ալվանդյանը։ Տեղում ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ բեռնատար գնացքի մեքենավարը եղել է Դերենիկ Նաջարյանը, ով Մասիսի ոստիկանների ուղեկցությամբ հրավիրվել է ոստիկանության Մասիսի բաժին։
Փաստի առթիվ ՀԿԳ ավագ քննիչ Գ. Մկրտչյանի կողմից հարուցվել է քրեական գործ, ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են մահացածի ինքնությունը։ Ոստիկաններն ու քննիչներն աշխատում են մի քանի վարկածի ուղղությամբ, այդ թվում՝ ինքնասպանություն, դժբախտ պատահար կամ վրաերթ։
Օպերատիվորեն ժամանել են արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արարատի մարզային փրկարարական վարչության խումբը՝ վարչության պետ, փրկարար ծառայության գնդապետ Մուրադ Մարգարյանի և Մասիսի թիվ 25 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ փրկարար ծառայության մայոր, հրամանատար Բագրատ Դանիելյանի գլխավորությամբ։
Փրկարարները դին պատգարակով մոտեցրել են օպերատիվորեն ժամանած Մասիսի հիվանդանոցի շտապօգնության ավտոմեքենային։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: