Շախմատի Եվրոպայի թիմային առաջնության 8-րդ տուրում Հայաստանի հավաքականը մրցում էր Ադրբեջանի ընտրանու հետ։
Մեր տղաները կարողացան փայլուն հաղթանակ տանել մրցակցի նկատմամբ։ Առաջին խաղատախտակին երկու երկրների ուժեղագույն շախմատիստները՝ Լևոն Արոնյանն ու Շախրիյար Մամեդյարովը կիսեցին միավորը։ Ոչ-ոքի գրանցվեց նաև երկրորդ խաղատախտակում ծավալվող պայքարում։ Գաբրիել Սարգսյանը, չնայած բարդ դիրքին, կարողացավ խաղաղ ելքով ավարտել պարտիան Արկադի Նայդիչի հետ։
Երրորդ խաղատախտակի վրա մեր շախմատիստը՝ Հրանտ Մելքումյանը, չնայած մոտ էր հաղթանակին, բայց ամեն դեպքում դաշինք կնքեց Գադիր Գուսեյնովի հետ։ Դե իսկ ահա Արման Փաշիկյանը անկասելի էր։ Մեր չորրորդ խաղատախտակի շախմատիստը առավելության հասավ Էլտաժ Սաֆարնիի նկատմամբ ու կարևոր հաղթանակ բերեց մեր թիմին։
Մեր հավաքականը հաղթում է 2․5 – 1․5 հաշվով ու միավորների քանակը հասցնում է 11-ի։ Մենք չորրորդ հորիզոնականում ենք։ Նույնքան միավոր ունեն նաև Գերմանիան և Խորվաթիան։ Առաջատարը Ուկրաինան է և Ռուսաստանը։ Այս երկու երկրները 13-ական միավոր են վաստակել։