ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը նոյեմբերի 1-ին ԹՈՒՄՈ Ստուդիաների «30 ամիս 30 գաղափար» բաց դռների օրվա շրջանակում այցելել է ԹՈՒՄՈ ստուդիաներ, շրջել արհեստանոցներում, որտեղ ամփոփվել են ստուդիաների 30 ամիսների աշխատանքն ու ներկայացվել են ուսանողների 30 լավագույն գաղափարները:
Ինչպես տեղեկացրին Աննա Հակոբյանի գրասենյակից, ԹՈՒՄՈ Ստուդիաները շահույթ չհետապնդող կրթական ծրագիր է, որը զբաղվում է անալոգ իրերի ստեղծմամբ՝ համադրելով ավանդական տեխնիկաներն ու ժամանակակից դիզայնը։ Ծրագրի նպատակն է խթանել արհեստագործների և դիզայներների նոր սերնդի ձևավորումը, որը կնպաստի տեղական արհեստագործական ոլորտի մրցունակության բարձրացմանը։
Դասընթացների շրջանակներում Հայաստանի երիտասարդ մասնագետները հնարավորություն են ունենում աշխատել արտասահմանցի դիզայներների հետ՝ ստեղծելով նորաձևության, ոսկերչության, ասեղնագործության, կավագործության, տպագրության, արտադրական դիզայնի և խոհարարության ոլորտի արտադրանքներ։