
Սանկտ Պետերբուրգում ծննդատանը վերանորոգման ժամանակ 2 աշխատող ընկել է վերելակի հորանը: «Ֆոնտանկա»-ի հաղորդմամբ՝ տուժածները ՀՀ քաղաքացիներ են:
Մեկը 28 տարեկան է, մյուսը՝ 35: Նրանց վիճակը գնահատվում է ծանր, ունեն բազմաթիվ բաց եւ փակ կոտրվածքներ, ներքին օրգանների վնասվածքներ: 28-ամյա տղամարդուն բժիշկները տեղափոխել են վերակենդանացման բաժին:
Նախնական տեղեկություններով՝ վերելակի ընկնելու պատճառը ճոպանի կտրվելն է: Ինչպես նաեւ հայտնի է, որ վերելակն ընկել է 18-րդ ծննդատան 4-րդ հարկից:
Պետերբուրգի քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել շինարարական աշխատանքների ժամանակ անվտանգության կանոնների խախտման մասին հոդվածով: