Ռուսաստանցի մասնագետ Ալեքսանդր Գրիգորյանը նշանակվել է ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ:
Topsports.am-ին հայտնի դարձավ, որ նոյեմբերի 5-ին 53-ամյա մարզիչը եղել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գրասենյակում, և կողմերը վերջնական փոխհամաձայնության են եկել: ՀՖՖ-ն Գրիգորյանի նշանակման մասին պաշտոնապես կհայտարարի առաջիկայում:
Ֆեդերացիայում ոչ բոլորն են կողմ եղել Ալեքսանդր Գրիգորյանի թեկնածությանը, սակայն նա նշանակվել է ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանի որոշմամբ:
Գրիգորյանի նախորդ աշխատավայրն էր Ռուսաստանի Պրեմյեր լիգայի հետնապահների թվում գտնվող «Տամբովը», որի գլխավոր մարզիչի պաշտոնից նա հրաժարական էր տվել հոկտեմբերի 19-ին Ռուսաստանի առաջնության 13-րդ տուրում Եկատերինբուրգի «Ուրալից» կրած 1:2 հաշվով պարտությունից հետո: Հայ մարզիչը 2019-ի ապրիլի 22-ից էր գլխավորում «Տամբովը», որին օգնեց նվաճել Ռուսաստանի ուժեղագույնների լիգայի ուղեգիր:
Մարզչական կարիերայի ընթացքում Ալեքսանդր Գրիգորյանը գլխավորել է նաև ռուսական «Խիմկին», «ԲՄԱ Էներգիան», «Լուչ Էներգիան», «Տոսնոն», «ԲՄԱ Խաբարովսկը», Մախաչկալայի «Անժին» և Մոսկվայի «Արարատը»: Կարիերայի սկզբում նա աշխատել է կանանց ֆուտբոլում, իսկ 2018-2019-ը գլխավորել է Մոսկվայի ԲԿՄԱ-ի կանանց թիմը:
Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնը թափուր էր Արմեն Գյուլբուդաղյանցի հրաժարականից հետո:
Եվրո-2020-ի ընտրական մրցաշարի J խմբում ընդգրկված Հայաստանի հավաքականը տեսականորեն զրկվել է եզրափակիչ փուլի ուղեգիր նվաճելու շանսից: Խումբը 100 տոկոսանոց ցուցանիշով գլխավորում է Իտալիայի հավաքականը, որն ունի 24 միավոր, իսկ երկրորդ տեղում գտնվող Ֆինլանդիան Հայաստանի հավաքականի նկատմամբ 3:0 հաշվով տնային հաղթանակից հետո հավաքել է 15 միավոր: Հայաստանի և Բոսնիա-Հերցեգովինայի հավաքականները վաստակել են 10-ական միավոր, Հունաստանը՝ 8, իսկ Լիխտենշտեյնը՝ 2:
Եվրո-2020-ի ընտրական մրցաշարի վերջին 2 խաղերում Հայաստանի հավաքականը նոյեմբերի 15-ին կընդունի Հունաստանին, 3 օր անց կհյուրընկալվի իտալացիներին, իսկ Ֆինլանդիայի հավաքականը տանը կմրցի Լիխտենշտեյնի հետ և արտագնա հանդիպում կանցկացնի Հունաստանի դեմ: Վերջին 2 խաղերում 1 միավոր վաստակելու դեպքում ֆիններն առաջ կանցնեն Հայաստանի հավաքականից: