Անցյալ տարի Գյումրիում պոլիէթիլենային տոպրակի մեջ թողնված եւ այսօր արդեն մեկ տարեկան դարձած երկվորյակները կրկին Գյումրու «Երեխաների տանն» են:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության (ԱՍՀՆ) լրատվական ծառայության պատասխանատու Սոնա Մարտիրոսյանը «Հայկական ժամանակ»-ին հայտնեց, որ ստիպված են եղել երեխաներին նորից հետ վերցնել, քանի որ նախարարությունում ահազանգ են ստացել, որ մայրը տանջում է նրանց:
«Երեխաները շատ քիչ մնացին կենսաբանական ընտանիքում, որովհետեւ հարեւաններից ունեցանք ահազանգեր, որ մայրը երեխաների նկատմամբ բռնություն է կիրառում եւ նրանք անուշադրության են մատնված»,- ասաց Մարտիրոսյանը:
Նախարարության սոցաշխատողները գնացել են մոր վարձակալած բնակարան, այնտեղ իրավիճակին ծանոթանալուց հետո եկել են այն եզրակացության, որ կենսաբանական ընտանիքում չգտնվելը երեխաների լավագույն շահից է բխում: «Մայրը ծնողվարական հմտություններից գրեթե ամբողջությամբ զուրկ է: Երեխաները կապրեն Գյումրու մանկան տանը»,- հայտնեց Սոնա Մարտիրոսյանը:
Վերջինս նաեւ ասաց, որ երկվորյակների մայրը վարձակալած տանը ապրում է մի տղամարդու հետ, որը փոքրիկների կենսաբանական հայրը չէ, սակայն հանդիսանում է վերջինիս ամուսինը: Նույն տանը բնակվում է նաեւ երեխաների տատիկը՝ մորական կողմից:
Ավելի վաղ ԱՍՀ այժմ արդեն նախկին նախարար Մանե Թանդիլյանը ՀԺ-ին հայտնել էր, որ երկվորյակների մայրը ապրում է Երեւանում: Թանդիլյանը ասել էր, որ փոքրիկների մոր համար տարբեր հնարավորություններ են դիտարկում՝ Երեւան քաղաքում նրան բնակարանով ապահովելու համար: Նախարարության լրատվության պատասխանատուն այսօր նշեց, որ գերատեսչությունը չունի իրավասություն եւ հնարավորություն նման իրավիճակում որեւէ մեկին բնակարանով ապահովելու համար:
Ավելի վաղ նախարարությունից նաեւ հայտնել էին, որ աշխատանք են տանում փոքրիկների մոր հետ, որպեսզի կարողանան ապահովել երկվորյակներ Վահեի ու Վահանի առողջ եւ բարեկեցիկ մանկությունը. «Ամենօրյա ռեժիմով մոր հետ կապի մեջ ենք, համապարփակ աշխատանք ենք տանում՝ սոցիալական աշխատողների եւ հոգեբանի ներգրավվածությամբ»:
Քննարկումներ, շփումներ, սոցիալական աջակցություն. փաստորեն այս ամենը չի օգնել փոքրիկների մորը որպեսզի վերջինս կարողանա պատշաճ կերպով իրականացնել իր երեխաների խնամքը: Հիշեցնենք, մայրը երեխաներին 2018 թվականի հոկտեմբերի 18-ին պոլիէթիլենային տոպրակի մեջ թողել էր Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի եւ պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ հաստատության բակում: