Ճանապարհային ոստիկանության հետաքննության բաժնի պետ, ոստիկանության մայոր Խաչիկ Սամվելյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է վթարների հետ կապված կանխարգելիչ միջոցառումներին:
Վերջին շրջանում և՛ ոստիկանությունը, և՛ օրենսդիր ու գործադիր իշխանությունները, համագործակցելով միմյանց հետ՝ հանդես են եկել օրենսդրական նախաձեռնությամբ, որպեսզի երթևեկության բալային համակարգի միջոցով շտկեն իրավիճակը, ինչն ըստ էության, ունի զսպող, կանխարգելիչ գործառույթ: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Ճանապարհային ոստիկանության հետաքննության բաժնի պետ, ոստիկանության մայոր Խաչիկ Սամվելյանը։
«Վարորդին տրվում են համապատասխան բալային նիշերը, և դրանք կորցնելու դեպքում վարորդը որոշակի իրավախախտումներ կատարելուց հետո ուղղակի զրկվում է վարորդական իրավունքի վկայականից»,-նշում է Խաչիկ Սամվելյանը:
Ոստիկանության ներկայացուցչի փոխանցմամբ՝ վարորդական վկայականից զրկված լինելու հանգամանքում տրանսպորտային միջոց վարելու հայտնաբերման դեպքում վարորդն արդեն կենթարկվի քրեական պատասխանատվության:
«Մնացած բոլոր զսպող գործառույթների մասին, որոնք ոստիկանությունն իրականացնում է, նույնիսկ կարելի է չխոսել, քանի որ դա ակնհայտ է: Մենք ամեն օր ականատես ենք լինում ոստիկանության կողմից կատարված ծառայության ընթացքում իրականացվող բոլոր աշխատանքներին»,- նշում է Խաչիկ Սամվելյանը:
Ոստիկանության մայորը համոզված է, որ վերոհիշյալ նախաձեռնությունը, որը շուտով կյանքի կկոչվի, կտա իր դրական արդյունքը, և մենք հաջորդ տարի արդեն կխոսենք ավելի դրական էմոցիաներ ունենալով: