Կառավարությունից հաստատել են, որ Նիկոլ Փաշինյանն ապօրինի է տեղափոխվել կառավարական նոր առանձնատուն. antifake.am
Advertisement 1000 x 90

Կառավարությունից հաստատել են, որ Նիկոլ Փաշինյանն ապօրինի է տեղափոխվել կառավարական նոր առանձնատուն. antifake.am

antifake.am-ը գրում է. Նիկոլ Փաշինյանը և նրա ընտանիքը ապօրինի կերպով են տեղափոխվել կառավարական նոր առանձնատուն, քանի որ 2014 թվականին ընդունված «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքով Նիկոլ Փաշինյանին հատկացված է «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ի հաշվեկշռում ամրացված 3-րդ մասնաշենքը, սակայն նա և իր ընտանիքն այդ մասնաշենքից տեղափոխվել են 6-րդ մասնաշենք։

Հայտնել էինք նաև, որ վարչապետի համար նախատեսված կառավարական առանձնատան վերաբերյալ օրենսդրական փոփոխություն կամ այլ կարգավորում, որտեղ կնշվի կառավարական այլ առանձնատան հատկացման մասին, չկա:

Երեկ էլ «Քաղաքացիական գիտակցություն» ազատական ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին ՀՔԾ և Գլխավոր դատախազություն՝ հայտնելով տեղի ունեցած ապօրինության մասին և պահանջելով ձեռնարկել համապատասխան իրավական քայլեր։

Aravot.am-ը կառավարության լրատվական ծառայությունից հետաքրքրվել է` ի՞նչ իրավական ակտի հիման վրա է վարչապետի ընտանիքը տեղափոխվել բնակվելու Ձորափի 74 հասցեում գտնվող ծառայողական առանձնատան թիվ 6 մասնաշենք, երբ ՀՀ վարչապետի համար նախատեսված է թիվ 3 մասնաշենքը: «Հայտնում ենք, որ ս.թ. նոյեմբերի 2-ին Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում` ուղիղ հեռարձակմամբ, մանրամասն անդրադարձել է ծառայողական առանձնատան հետ կապված հարցերին: Միաժամանակ, տեղեկացնում ենք, որ հասցեն փոխելու հետ կապված արդեն իսկ շրջանառության մեջ է դրված օրենսդրական փոփոխությունների համապատասխան նախագիծ»,- ասված է կառավարության տրամադրած պատասխանում:

Կառավարությունը, փաստորեն, անուղղակիորեն խոստովանել է, որ Նիկոլ Փաշինյանի և նրա ընտանիքի տեղափոխումը կառավարական առանձնատների 6-րդ մասնաշենք տեղի է ունեցել ապօրինի կերպով՝ առանց որևէ իրավական հիմքի։ Եվ Փաշինյանի տեղափոխումն արդարացնելու համար «իրավական հիմքը» շրջանառության մեջ է դրվել տեղափոխվելուց հետո։ Այսինքն Կառավարությունը հաստատել է AntiFake.am-ի հրապարակման ճշմարտացիությունը։

Հեղինակ՝ Աստղիկ Մաթևոսյան