«Կամենալը դեռ կարենալը չէ»
Advertisement 1000 x 90

«Կամենալը դեռ կարենալը չէ»

Լրագրող Հեղինե Մանուկյանի ֆեյսբուքյան գրառումը.

ԵՊՀ ժուռֆակի առաջին կուրսում հայոց լեզվի մեր դասախոսը /լուսահոգի/ Ալեքսանդր Մարգարյանն էր։ Հազարագանձ հայոց լեզվի իմ իմացությունը մասնավորապես ընկեր /պարոնով չէր սիրում դիմել, ասում էր տենց էշին են դիմում/ Մարգարյանի դասախոսությունների շնորհիվ կարելագործվեց․․․ մի այլ կարգի։ Ես իմացա, որ եթե միջանկյալ քննությունից ուզում եմ ԴՐԱԿԱՆ ստանալ, ապա պետք է գնեմ Մարգարյաի հեղինակած «Ժամանակակից հայոց լեզու» գիրքը։ Առա ու ստացա դրականս։

Երկրորդ՝ ես իմացա, որ ընկեր Մարգարյանը ծնունդով սյունեցի է՝ գորիսեցի, իսկ լեռցիները մի քանի անգամ ավելի խելացի են, քան հարթ տեղանքներում ծնվածները։ Ես հենց էդպիսի տեղանքում ծնված մի տկարամիտ ուսանողուհի էի։ Մարգարյանի «տեղանքային» բացահայտումից հետո արդեն կոմպլեքսավորված տկարամիտ ուսանողուհի։

Երրորդ՝ նա այդ տարի՝ 1999-ին, 50-րդ սեպտեմբերն էր, որ որպես դասախոս մտնում էր մայր բուհ։ «Ամենամայր բուհը» բոլոր բուհերի մեջ։ /Մայր գոյականը ունի ածականի համեմատության գերադրական աստիճանը, եթե գործածվում է ԵՊՀ-ի դեպքում/։

Իմացա նաեւ, որ ընկեր Մարգարյանը իր Ջեկո շան մասին ոտանավոր ունի գրած՝ «Ջեկո շունը»։ Մի անգամ իրեն հատուկ առոգանությամբ կարդաց այդ ոտանավորը ու էլի ինչ որ բան։ Իր գրվածքներից։ «Կամենալը դեռ կարենալը չէ» վերնագրով։ Այս մտակառույցը ինձ հետագայում ու մինչեւ այժմ շատ է պետք գալիս։ Իմ կյանքի կրեդոն է դարձել։

Իմացա նաեւ, որ ներկա-բացակա կոչվող ծիսակարգին ընկեր Մարգարյանն ասում է “հաշվառում”, իսկ հաշվառումն էլ անում է ոչ թե մատյանում, այլ իր ծոցատետրում։ Միջանկյալի ժամանակ էդ ծոցատետրի ինֆորմացիան վճռորոշ նշանակություն էր ունենում գնահատականի հարցում։ Վա՜յ նրան, ով շատ էր բացակայել։

Իմացա նաեւ, որ երբ լսարանում ուսանողները պրոֆեսորին ուկնդրելու փոխարեն անամոթաբար աղմկում են, ընկեր Մարգարյանը ձեռքի մատներին հորիզոնական դիրք է հաղորդում, ինչքան ուժ ունի հարվածում է նստարանին ու սսսս՜ ասում։ Ու շատ մեծ հայտնագործություն արեցի՝ ընկեր Մարգարյանի ձեռքի բոլոր մատները / բացի բութից/ հավասար էին։ Դե ով էլ 50 տարի շարունակ մատներով սեղանին հարվածեր ու անսանձ ուսանողներին «սսս՜» ձայնարկությամբ սաստեր․․․ մատները հավասարվելու էին։

Տեսա՞ք, թե ինչքան շատ բան եմ հիշում հազարագանձ հայոց լեզվի դասերից։ Ասում եմ՝ հիշում։ Նոր գանձ բացահայտելու ու սովորել-սերտելու մասին չեմ ասում։

Հ․Գ․Կամենալը դեռ կարենալը չէ։



Նման նյութեր