Հայտնի մարզիկ Աշոտ Բոլյանին երեկ երեկոյան սպանել են Մոսկվայի հարավ-արևմուտքում։ Այս մասին հայտնում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»։
Թերթի տեղեկություններով` նրա դին հայտնաբերվել է Նախիմովսկի պողոտա 59 հասցեում գտնվող տան մոտ ժամը 20.15-ին։ Տեղի բնակիչը մեքենան կայանելիս լուսարձակների լույսի տակ տղամարդու մարմին է տեսել։ Հավանաբար նա որոշ ժամանակ մահացած ընկած է եղել կայանատեղում։
40-ամյա Բոլյանը մեծ հաջողությունների է հասել թայբոքսինգում։ Նա WPKA-ի վարկածով եռակի չեմպիոն է, աշխարհի չեմպիոն, հաղթել է IPMTF-ի վարկածով թայբոքսինգի աշխարհի գավաթը, WPKA վարկածով քիքբոքսինգի Ասիայի գավաթը, նաև 17 անգամ չեմպիոն է դարձել այլ միջազգային մրցաշարերում։ Նա նաև հարվածների արագության ռեկորդ է սահմանել, Աշոտ Բոլյանը մեկ վայրկյանում 11 հարված է հասցրել, որից 8-ը` ձեռքերով, 3-ը` ոտքերով։
2004 թվականին բռնցքամարտիկը Ռուսաստան է տեղափոխվել ու ավարտել կարիերան։ Վերջերս նա գլխավորում էր Համաշխարհային հայկական կոնգրեսի սպորտի դեպարտամենտը։ Նա հայկական սպորտային ֆեդերացիաների համաշխարհային ասոցիացիայի նախագահն էր ու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի սպորտի դեպարտամենտի ղեկավարը։