NEWS.am-ի տեղեկություններով՝ նախօրեին Մոսկվայում սպանված միջազգային կարգի սպորտի վարպետ, թայ-բոքսի աշխարհի բազմակի չեմպիոն Աշոտ Բոլյանը Մոսկվայում հայտնի գործարար էր, կապեր ուներ Չեչնիայի իշխանությունների, ինչպես նաև քրեական աշխարհի ներկայացուցիչների հետ. նա երկար տարիներ պաշտոններ է զբաղեցրել ՌԴ տարբեր ուժային կառույցներում։
Բոլյանը նախկինում մտերիմ հարաբերություններ է ունեցել քրեական հեղինակություն՝ «Կայարացի Թևոսիկ» անունով հայտնի Թևոս Սաֆարյանի, նրա եղբոր՝ սպանված Արթուր Սաֆարյանի և վերջինիս սպանությունը պատվիրելու համար դատապարտված Իսրայել Սարգսյանի (Իսոյի) հետ։
Աշոտ Բոլյանը Թևոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության գործով առանցքային վկա էր: 2016թ. փետրվարի 1–ին Բոլյանը դատարանում ուշագրավ ցուցմունք է տվել և սպանության պատվերի սլաքներն ուղղել նախկին ոստիկան Տիգրան Ասատրյանի վրա, ով քավոր-սանիկական հարաբերություններ ուներ Թևոսիկի եղբոր հետ։ Վկան դատարանին հայտնել էր, որ ՌԴ-ում ուժային կառույցներում պատասխանատու պաշտոն է զբաղեցնում և պաշտոնի բերումով գործի նախաքննության ընթացքում տիրապետել է գործի շատ փաստական տվյալների:
Բոլյանի պնդմամբ՝ Իսրայել Սարգսյանն անմեղ է, և կասկածներ է ունեցել, որ հնարավոր է` հանցագործությունը պատվիրել է Տիգրան Ասատրյանը, քանի որ վերջինս դրա համար շարժառիթներ է ունեցել: Մասնավորապես, նրա խոսքով՝ Տիգրանն ասել է, որ Թևոս Սաֆարյանն իրեն ֆինանսապես «գցել է», նրանից վտանգ է զգացել: Խոսքը միլիոնավոր դոլարների մասին է:
Բոլյանը նախաքննական մարմնին առաջարկել էր և պատրաստակամություն հայտնել հովանավորել, որպեսզի ռուս իրավապահների և մասնագետների հետ գործը բացահայտեն, սակայն մերժում էր ստացել։
Աշոտ Բոլյանի անունը շոշափվում է նաև 2017թ. մարտի 7-ին Արաբկիրի շենքերից մեկի 4-րդ հարկից ցած նետվելով ինքնասպանություն գործած, ԽՍՀՄ հայտնի բռնցքամարտիկ, Եվրոպայի բազմակի չեմպիոն Կամո Սարոյանի դստեր՝ Վարդուհի Սարոյանի գործով։ Ըստ մամուլում տեղ գտած հրապարկումների՝ Բոլյանը փորձել է լուծել խարդախության զոհ դարձած կնոջ ֆինանսական խնդիրները՝ գործին ներքաշելով տարբեր քրեական հեղինակությունների, սակայն այդպես էլ գործը գլուխ չի բերել։
Ինքը՝ Աշոտ Բոլյանը, մշտապես հերքել է իր առնչությունը քրեական աշխարհի ներկայացուցիչների հետ՝ փոխարենը ներկայանալով որպես սպորտի բնագավառում լուրջ հաջողություններ արձանագրած մարզիկ։
Այնուհանդերձ, Աշոտ Բոլյանը տարիներ շարունակ տարբեր երկրներում բարձրացրել է հայկական դրոշը։ Բաց աղբյուրների տվյալներով՝ 40-ամյա Աշոտ Բոլյանը Քիկբոքսինգի համաշխարհային պրոֆեսիոնալ ասոցիացիայի վարկածով թաիլանդական բռնցքամարտի աշխարհի եռակի չեմպիոն է, միջազգային տարբեր մրցաշարերի 17-ակի չեմպիոն։ Գլխավորել է Հայկական մարզական ֆեդերացիաների համաշխարհային ասոցիացիան։ Բացի այդ, նա եղել է Մոսկվայում գրանցված «Կարատ» ՍՊԸ գլխավոր տնօրենը, որը կապված է սպորտի ոլորտի հետ։
NEWS.am-ի տեղեկություններով՝ Աշոտ Բոլյանն ամուսնացած էր, երեք երեխայի հայր։
Ավելի վաղ հայտնել ենք, որ Աշոտ Բոլյանը սպանվել է նոյեմբերի 13-ի երեկոյան։ 40-ամյա մարզիկը Նախիմովյան պողոտայում գտնվող տնից դուրս է եկել եւ գնացել դեպի իր ավտոմեքենան, որտեղ անհայտ անձը մի քանի կրակոց է արձակել նրա վրա, այդ թվում՝ գլխին, ու դիմել փախուստի։ Դեպքի կապակցությամբ քննություն է ընթանում ՌԴ Քննչական կոմիտեում։
Լուսանկարները՝ Աշոտ Բոլյանի ֆեյսբուքյան էջից