Հայերի ապագան Հայաստանում է. մեկնարկել է հայ միգրանտների կամավոր վերադարձի ֆրանս-գերմանական ծրագիրը. hetq.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Հայերի ապագան Հայաստանում է. մեկնարկել է հայ միգրանտների կամավոր վերադարձի ֆրանս-գերմանական ծրագիրը. hetq.am

Խաչատուր Երանյանը եւ Աստղիկ Մեսելջյանը շախմատիստներ են, խաղացել են Հայաստանի շախմատի երիտասարդական հավաքականում: 2016-ին Խաչատուրը՝ որպես շախմատի մարզիչ, հրավեր է ստացել Ֆրանսիայի Լիոն քաղաքի «Մասիս» շախմատային ակումբից, ապա՝ կանչել Աստղիկին: Այստեղ նրանք ամուսնացել են, ծնվել է նրանց դուստրը: Սկզբում անօրինական են գտնվել Ֆրանսիայի տարածքում, ապա դիմել են կացության իրավունք ստանալու: 2018-ի հոկտեմբերին որոշեցին վերադառնալ Հայաստան, չնայած հրավեր էին ստացել որպես մարզիչ Փարիզի դպրոցներից մեկում աշխատելու, որը կացության եւ աշխատանքի իրավունք կընձեռեր: Խաչատուրը թվարկում է վերադառնալու որոշման պատճառները` դստեր ծնունդը, որին ցանկացան մեծացնել հայրենիքում, հեղափոխությունը եւ սպասվելիք փոփոխությունները Հայաստանում, որը մեծ ոգեւորություն եւ հավատ է առաջացրել, ու Ներգաղթի եւ ինտեգրման ֆրանսիական գրասենյակի (OFII)` վերադարձի աջակցության առաջարկը, որը մեծ շարժառիթ էր վերջնական որոշում կայացնելու համար:

OFII-ի աջակցությամբ Երեւանում Խաչատուրն ու Աստղիկը «Երանաս» ապրանքանիշով մեքենայացված ասեղնագործության խանութ-սրահ են բացել եւ հավաստում են, որ իրենց բիզնես-ծրագիրը հաջողությամբ զարգանում է: «OFII-ն լիակատար կերպով աջակցում է միգրանտների ոչ միայն վերադարձին, այլեւ Հայաստանում կրկին հաստատմանը: Մեզ հետաքրքիր էր բիզնես ոլորտը, միշտ ցանկացել ենք սեփական բիզնես ունենալ: Մտահղացում ծնվեց ասեղնագործական խանութ-սրահ բացել` «Երանաս», Մալաթիա համայնքում (Սվաճյան 50 հասցեում): Մտադիր ենք մեր բրենդը ճանաչելի դարձնել, հետագայում ընդլայնել»,- ասում է Խաչատուրը: «Մեքենայացված ասեղնագործություն է, դիզայնը Խաչատուրն է անում, նա լավ նկարում է, էստեղ դիզայներություն է սովորել, բայց շարունակում է սկայպով շախմատի մասնավոր պարապմունքները: Ուրախ ենք եւ չենք զղջում վերադարձի համար»,- ասում է Աստղիկը:

Կրկին Ֆրանսիա վերադառնալու մասին նրանք չեն մտածում, բայց մտադիր են ապագայում «Երանաս»-ի մասնաճյուղ բացել Ֆրանսիայում:

Ամբողջությամբ՝ hetq.am