Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին տրամադրված ծառայողական ավտոմեքենայի թեման վերջերս հաճախ է շրջանառվում զանգվածային լրատվամիջոցներում: «Արմենպրես»-ի խնդրանքով ՏՄՊՊՀ-ի մամուլի քարտուղար Անի Սմբատյանը պարզաբանեց, որ եթե մինչև 2019 թվականի մայիսը հանձնաժողովն ուներ 5 ծառայողական ավտոմեքենա, ապա այժմ հանձնաժողովի հաշվեկշռում առկա է 2 ավտոմեքենա, ևս մեկի փաստաթղթային ձևակերպումը դեռևս ընթացքի մեջ է:
Ներկայացնում ենք Անի Սմբատյանի մեկնաբանությունն ամբողջությամբ.
«Նշեմ, որ այդ ավտոմեքենան, որը ՏՄՊՊՀ-ին հատկացվել է ՀՀ կառավարության սեպտեմբերի 26-ի որոշմամբ և սահմանված կարգով գտնվում է գրանցման փուլում, նախատեսված է Հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանի, հանձնաժողովի 6 անդամների և ամբողջ աշխատակազմի սպասարկման համար: ՏՄՊՊՀ-ն պարբերաբար ստուգումներ և դիտանցումներ է իրականացնում ամբողջ հանրապետության տարածքում, հետևապես անհրաժեշտություն էր առաջացել նման բարձր անցողունակության ավտոմեքենայի: Միաժամանակ հարկ եմ համարում ընդգծել, որ Գեղամ Գևորգյանի նշանակումից հետո կրճատվել է հանձնաժողովում առկա ծառայողական ավտոմեքենաների քանակը, ինչպես նաև էականորեն նվազել են բենզինի և սպասարկման ծախսերը:
Եթե մինչև 2019 թվականի մայիսը հանձնաժողովն ուներ 5 ծառայողական ավտոմեքենա, ապա այժմ հանձնաժողովի հաշվեկշռում առկա է 2 ավտոմեքենա, ևս մեկի փաստաթղթային ձևակերպումը դեռևս ընթացքի մեջ է և ունենք վարորդի 1 հաստիք, որը նախատեսված է նախագահի, հանձնաժողովի անդամների և աշխատակազմի սպասարկման համար: Բացի այդ, 2018 թվականի ամբողջ տարում ծախսվել է 10 159 լիտր բենզին, որի դիմաց վճարվել է 4 388 660 դրամ, իսկ 2019 թվականի ամբողջ տարվա համար բենզինի ծախսը կկազմի 3555 լիտր՝ 1 478 880 դրամային արտահայտությամբ, այսինքն՝ շուրջ երեք անգամ խնայողություն է եղել: Խնայողություններ ունեցել ենք նաև ավտոմեքենաների սպասարկման ծախսերում՝ եթե 2018 թվականին ծախսել է 1 195 910 դրամ, ապա 2019 թվականին 387 000 դրամ կկազմի ամբողջ տարվա փաստացի ծախսը:
Կցանկանայի նաև անդրադառնալ լրատվամիջոցներից մեկում տեղ գտած տեղեկատվությանը, թե ՏՄՊՊՀ-ին «գերբարձր աշխատավարձի ֆոնդ» և պարգևատրումների արտաբյուջե է տրամադրվել: ՏՄՊՊՀ աշխատակիցների աշխատավարձերը, ինչպես բոլոր պետական մարմիններում, կարգավորվում են Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին օրենքով , հետևապես նման պնդումն առավել քան անհիմն է, հանձնաժողովը չունի արտաբյուջե. ինչպես բոլոր մնացած մարմիններին հանձնաժողովին ևս հատկացված է պարգևատրումների ֆոնդ, որը ոչ ավելին է, քան մյուսներինը:
Վերջում ևս մեկ անգամ ցանկանում եմ հերքել բազմիցս հերքված ապատեղեկատվությունը՝ նախկին պաշտոնյաներից որևէ մեկի հետ Գեղամ Գևորգյանը «քավոր-սանիկական» կապեր չունի»: