ՀՀ ՊՆ N զորամասում իրականացվող ուսումնական վարժանքները՝ զենքի լիցքավորումը, լիցքաթափումը քանդելն ու հավաքելը, նշան բռնելը զորամասի հրամանատարությունը գնահատել է գերազանց: ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի վարչական ապարատի տեղեկատվական բաժինը ԶԼՄ ներկայացուցիչների համար կազմակերպել էր այց դեպի ՀՀ ՊՆ N զորամասերից մեկը:
ՀՀ ՊՆ N զորամասի սերժանտ Ազատ Թադևոսյանը, ով արդեն 1 տարի և 3 ամիս է, ինչ ծառայում է, ուսումնական վարժանքի ժամանակ զենքը ոչ լրիվ քանդեց 15 վայրկյանում և հավաքեց 17-ում, ինչը գերազանց արդյունք է համարվում:
«Ծառայությանս ընթացքում մեզ սովորեցնում են զենքի հետ վարման բոլոր կանոնները: Պարապմունքների ժամանակ ուշադրությունը, քրտնաջան աշխատանքը շատ կարևոր են նմանատիպ արդյունքների հասնելու համար»,- ասաց Թադևոսյանը:
Ուսումնական վարժանքներից մեկն էլ ծանոթացումն էր առանց զինամթերքի ծախսի նշան բռնելու հմտությանը:
«Զինծառայողներին այս վարժանքի ընթացքում սովորեցնում ենք, թե ինչպես է պետք ճիշտ նշան բռնել և թիրախը խոցել: Հատուկ սանդղակի միջոցով, որտեղ կան գերազանց, լավ և բավարար կետերը, գնահատում ենք զինվորի ունակությունները: Հիմնականում 3-5 րոպե է պահանջվում այդ հմտություններին տիրապետելու համար»,- նշեց ուսումնական վաշտի դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Գարիկ Ներսիսյանը:
Լրագրողների այցի օրը՝ զինծառայողների առօրյայի մի մաս էր կազմում նաև փամփուշտների լիցքավորումն ու լիցքաթափումը, որը կատարվում էր հատուկ սարքի միջոցով:
«Այս նույն գործընթացը հնարավոր է իրականացնել նաև ձեռքով, սակայն այս սարքավորման միջոցով ավելի արագ է և հեշտ: Առաջնագծում բոլորն ապահովված են նման սարքերով»,- շեշտեց ուսումնական վաշտի հրամանատար Վասակ Սահակյանը:
Վարժանքներին մասնակցում էին նաև դիպուկահարները, որոնք այնքան լավ էին քողարկվում տեղանքում, որ նրանց տեղը հնարավոր եղավ տեսնել միայն մի կետից մեկ այլ կետ տեղափոխվելու ժամանակ:
«Մյուս զինծառայակիցների համեմատ մեր ծառայությունը տարբերվում է: Մեր պարագայում կարևոր է, որպեսզի լինենք կտրուկ, ձեռքը չդողա, խուճապի չմատնվենք, սուր աչք ունենանք»,- ասաց դիպուկահարներից մեկը, ով դեռևս 4 ամսվա զինծառայող է:
ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատար, գնդապետ Գագիկ Պողոսյանը, գնահատելով ուսումնական վարժանքների արդյունքները, լրագրողների հետ զրույցում ասաց, որ վաշտը խնդիրը կատարել է պատշաճ կերպով:
«Այստեղ ցուցադրվեց, թե տարբեր հրաձգային զենքերից ինչպես է պետք օգտվել: Հրաձգությունը, զենքերի քանդել և հավաքելն ու մնացած բոլոր վարժանքները գնահատում եմ լավ»,- ասաց գնդապետը: