Մարտիրոսյան. «Facebook-ում մարդկանց արգելափակելու հարցում կա անորոշություն». armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Մարտիրոսյան. «Facebook-ում մարդկանց արգելափակելու հարցում կա անորոշություն». armeniasputnik.am

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում խոսել է վերջին շրջանում կառավարական հաստատությունների` facebook-յան էջերում իրենց հասցեին քննադատությամբ հանդես եկողներին արգելափակման մասին:

Սամվել Մարտիրոսյանի կարծիքով՝ Հայաստանում այդ առթիվ կա անորոշություն, մի կողմից` չկա գրի առնված հստակ քաղաքականություն, թե որքանով է սոցիալական մեդիան պաշտոնական ալիք, բայց մյուս կողմից` բոլորն էլ լավ գիտեն, որ վարչապետն ու որոշ նախարարները, օրինակ, այդ հարթակն օգտագործում են հայտարարություններ տարածելու համար, որովհետև ֆեյսբուքյան էջը քաղաքացիների համար իրազեկման կարևոր աղբյուր է:

«Եթե ելնում ենք այն սկզբունքից, որ Facebook-ը փաստացի պաշտոնական աղբյուրներից մեկն է, ապա այստեղ առնչվում ենք նշված խնդրին: Լինում են դեպքեր, երբ մարդկանց արգելափակում են ֆեյսբուքյան էջերում: Կան արգելափակումներ, որոնք շատ տրամաբանական են, օրինակ՝ հայհոյանքներ տարածողներին: Այդուհանդերձ, երբեմն լսում եմ, որ ինչ-որ մեկին զուտ քննադատելու համար արգելափակել են, ուստի այստեղ փաստացի ունենք խնդիր: Մի կողմից` գործ ունենք facebook-յան պաշտոնական էջի, մյուս կողմից` տեղեկատվության ազատության մասին օրենքի հետ, ինչը ենթադրում է, որ տեղեկատվությունը քաղաքացիների համար պետք է լինի մատչելի»,- նշում է փորձագետը:

Սամվել Մարտիրոսյանի դիտարկմամբ՝ արգելափակումը ոչ միայն բարոյահոգեբանական խնդիրներ է հարուցում, այլև օրենքի հետ կապված հարց է առաջացնում: Հարցը քննարկված չէ և կա անորոշություն: Պետական մարմիններն ունեն իրենց պաշտոնական կայքերը, իսկ ֆեյսբուքի պարագայում մի քիչ անհասկանալի է, որովհետև հստակ դիրքորոշում չկա: Քաղաքացիներին կարելի է արգելափակել միայն այն դեպքում, երբ նրանք անցնում են քաղաքակրթական սահմանները:

Փորձագետի համոզմամբ՝ եկել է այն պահը, որ կառավարությունն այս հարցում ունենա հստակ ռազմավարություն, և հանրային կապերը պետք է ներառեն նաև սոցիալական մեդիայի կիրառումը, ինչի արդյունքում կգանք հստակության: Ամեն դեպքում, եթե քաղաքացիներն այս կամ այն հարցի վերաբերյալ արտահայտում են իրենց կոշտ դիրքորոշումն ու քննադատում են երևույթներն առանց հերյուրանքների, ապա դա, ըստ փորձագետի, չպետք է բերի արգելափակման:

Ամբողջությամբ՝ armeniasputnik.am



Նման նյութեր