Այսօր երեկոյան Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում Եվրո-2020 ընտրական փուլի շրջանակում կկայանա Հայաստան–Հունաստան խաղը։ Խաղի արդյունքների վերաբերյալ կանխատեսումները հակասական են։ Սակայն մի բան ակնհայտ է` Հայաստանին միայն հաղթանակ է պետք։
Հայաստանի հունական համայնքի ներկայացուցիչները Հայաստան–Հունաստան խաղից առաջ Sputnik Արմենիային ասել են, թե որ հավաքականին են երկրպագելու։
«Միշտ երկրպագել եմ և երկրպագելու եմ Հայաստանի հավաքականին` իմ սրտի հավաքականին, – ասաց հունական արմատներ ունեցող ԱԺ նախկին փոխխոսնակ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը։ Իսկ Հունաստանի հավաքականին հաջողություն եմ մաղթում և հաղթանակ բոլոր խաղերում, բացի այսօրվա խաղից»։
Հայաստանի հունական համայնքների միության նախագահ, հույն Մարիա Լազարևան անմիջապես և հստակ պատասխանեց հարցին.
«Իհարկե, երկրպագելու եմ Հունաստանին։ Մեր համայնքից շուրջ 40 մարդ կգնա մարզադաշտ և խաղին կհետևի հունական տրիբունայից։ Մեր ձեռքերում կլինեն Հունաստանի դրոշներ։ Սակայն բազմաթիվ մեր ընկերներ խաղը դիտելու են հայկական տրիբունայից»։
Մարիա Լազարևան նաև ավելացրեց, որ Հայաստանում Հունաստանի դեսպանատան ներկայացուցիչներն անպայման ներկա կգտնվեն խաղին։
Մարզական լրագրող Ռոբերտ Մարկոսյանը, որը նաև հունական արյուն ունի իր մեջ, ասաց. «Շատ դժվար է պատասխանել, թե ում եմ երկրպագելու։ Իհարկե, Հայաստանին հաղթանակն ավելի շատ է պետք, այնպես որ այդ տեսանկյունից, հավանաբար, ամեն դեպքում կերկրպագեմ Հայաստանին։ Քանի որ ես լրագրող եմ, խաղը դիտելու եմ լրագրողների տրիբունայից, հայկական եռագույնը և հունական խորհրդանիշը պատկերող շարֆով», – ասաց Ռոբերտը։
Հայաստանում այսօր պաշտոնական տվյալներով շուրջ 2000 հույն է ապրում։ Առավել մեծ հունական համայնքները գտնվում են Երևանում, ինչպես նաև Տավուշի և Լոռու մարզերում։ Հայաստանում բնակվող հույների մեծամասնությունը պոնտացի հույների սերունդներ են, որոնք իսկզբանե ապրել են Սև ծովի ափին։