ԿԳՄՍՆ-ի մշակույթի ոլորտը կարող ենք հանձնել երթուղայինների վարորդներին. այսօր նրանք ավելի շատ են ազդում ժողովրդի վրա` իրենց տարածած անորակ երաժշտությամբ, խոսելաձևով, քան ԿԳՄՍՆ` իր կատարած զրո աշխատանքով: Tert.am-ի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց կոմիտասագետ Արթուր Շահնազարյանը` անդրադառնալով հայաստանյան մշակութային ոլորտում վերջին շրջանում կատարվող իրադարձություններին:
«Հեղափոխություն են արել, բայց մշակույթը միայն դեպի վատն է գնում: Նախարար Արայիկ Հարությունյանը չի պատկերացնում, չի հասկանում` ինչ անել: Հավատում եմ, որ հատուկ չի անում, իրեն մեղադրել չեմ կարող, բայց այն, ինչ արվում է, 100 տոկոս սխալ է»,-նշեց կոմիտասագետը:
«Հրաժարականի պահանջը ներկայացնողները չեն ասում, որ ԿԳՄՍՆ-ը, լինելով պետական կառույց, օրենքով էլ իրավունք չունի կատարել նշված ֆիլմի ու ներկայացման ֆինանսավորումները: Պետական կառույցի քաղաքականությունն ուղղված է ժողովրդին դաստիարակելուն, մշակութային ճաշակ բարձրացնելուն, ազգային ու համամարդկային արժեքներ սերմանելուն: Նախարարության իրականացրած ծրագրերը ոչ մի կապ չունեն դրանց հետ»,- ասաց կոմիտասագետը` ընդգծելով, որ պետական կառույցն ինչ-որ բան ֆինանսավորելուց առաջ պետք է ուսումնասիրի այն, ինչ տալու է ժողովրդին:
«Հենց այդ «Մելը», «ՀուԶանք ու Զանգը» մեր ժողովրդին ի՞նչ են տալու: Ասում են` ժամանակակից արվեստ է, կամ` համերգ են կազմակերպում, կոմիտասյան հնչյուններին ջազային ելևէջներ են խառնում, էլի ասում` ժամանակակից է: Դրա ի՞նչն է ժամանակակից: Ժամանակակից երաժշտությունը կոմպոզիտոր Մարտուն Իսրայելյանինն է, որի 80-ամյակն անցավ, և նույն նախարարությունը գումար չհատկացրեց` մեծագույն կոմպոզիտորի տարեդարձը նշելու համար»,- ասաց Շահնազարյանը: Նա ավելացրեց նաև, թե նախարարությունը, ֆինանսավորելով «Մել» և «ՀուԶանք ու Զանգ» գործերը, մերժել է «Սասունցի Դավիթ» էպոսի բեմադրության ֆինանսավորումը:
««Ակունք» անսամբլը ներկայացրել է «Սասունցի Դավիթ» էպոսի` Կոմիտասի ավանդական գրառած եղանակներով, հին էպոսի մեղեդիներով բեմադրության ծրագիր, բայց նախարարությունը մերժել է»,- ասաց Շահնազարյանը` նշելով, թե «Մել»-ի ու «ՀուԶանք ու Զանգ»-ի դեպքում նախարարությունը նշում է, որ ֆինանսավորման որոշումը կայացրել է մասնագիտական հանձնաժողովը, բայց պատասխանատվությունը նախարարությանն է:
Ամբողջությամբ՝ tert.am