Զանգեզուրի կայազորային հոսպիտալը տեխնիկական հագեցվածությամբ չի զիջում քաղաքացիական հիվանդանոցներին
Advertisement 1000 x 90

Զանգեզուրի կայազորային հոսպիտալը տեխնիկական հագեցվածությամբ չի զիջում քաղաքացիական հիվանդանոցներին

ՀՀ բուժծառայողի օրվան ընդառաջ ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի վարչական ապարատի տեղեկատվական բաժինը ԶԼՄ ներկայացուցիչների համար ՀՀ ՊՆ «Զանգեզուրի կայազորային հոսպիտալ» պետական հիմնարկում կազմակերպել էր շրջայց: Հոսպիտալը 2011-2013 թվականները եղել է լավագույնը հանրապետությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հոսպիտալը պարբերաբար վերազինվում է նոր տեխնիկայով, և գործընթացը շարունակական է:

«Զանգեզուրի կայազորային հոսպիտալ» պետական հիմնարկի պետ, փոխգնդապետ Վարդան Ավագյանը շեշտեց, որ տեխնիկական հագեցվածությունը բավարար է զինծառայողներին համապատասխան բուժօգնություն ցույց տալու համար:

«Մեզ մոտ բժիշկների թիվն է մի փոքր քիչ, սակայն հույս ունենք, որ առաջիկա զորակոչի ժամանակ որոշ չափով կհամալրվի: Չնայած այդ ամենին, մեր հոսպիտալի բոլոր բժիշկներն իրենց առջև դրված խնդիրները կատարում են հավուր պատշաճի, որի ապացույցներից մեկը 2011-2013 թթ. հանրապետության լավագույն հոսպիտալ ճանաչվելու փաստն է: Այդ մրցանակն արդեն չի գործում, սակայն մենք շարունակում ենք աշխատել նույն ոգով և ավելի ենք կատարելագործվում»,- ասաց Ավագյանը և հավելեց, որ իրենց հոսպիտալը սպասարկում է նաև քաղաքացիներին:

Նոյեմբերի 17-ը զինվորական տոնացույցում նշվում է որպես Բուժծառայողի օր: