Արտասահմանյան որոշ կայքեր եւ բլոգեր թյուր ինֆորմացիա են տարածել՝ անդրադառնալով հայկական «կենդանի բարբիին»՝ Լիլի Մորտոյին: Նրանք իբրեւ Լիլիի՝ մինչ պլաստիկ վիրահատությունները կատարած լուսանկարներ ներկայացրել են մեկ այլ մոդել՝ գեղեցկության մրցույթների մասնակից եւ դափնեկիր Լիլիթ Մարտիրոսյանի լուսանկարները՝ փորձելով ցույց տալ, թե ինչպիսին էր Լիլի Մորտոն մինչեւ շիկահեր «Բարբի» դառնալը:
Կայքերին շփոթության է մատնել մոդելների նույն՝ Լիլիթ Մարտիրոսյան անուն-ազգանունը եւ նրանք սխալմամբ նույնացրել են երկու հայուհիներին:
NEWS.am STYLE-ի հետ զրույցում գյումրեցի մոդել Լիլիթ Մարտիրոսյանը նշեց, որ կայքերում տեղ գտած հոդվածների մասին իրեն հայտնել էր հետեւորդներից մեկը: Լիլիթի փոխանցմամբ՝ ինքը ոչինչ չունի Լիլի Մորտոյի դեմ, սակայն զարմանք է ապրել լրագրողների ոչ պրոֆեսիոնալ մոտեցման պատճառով.
«Միանգամից ուսումնասիրեցի այդ կայքերը՝ փորձելով գտնել աղբյուրները: Ավելի շատ զարմանք ապրեցի այն փաստից, թե ինչպես կարելի է լինել նման ոչ պրոֆեսիոնալ. Այո, մենք ունենք նույն անուն-ազգանունը, բայց մենք երկուսս էլ տարբեր կայացած մարդիկ ենք: Կայքերում օգտագործվել են իմ նկարները՝ որպես Լիլիի՝ մինչեւ վիրահատությունն արված լուսանկարներ, դրանց զուգակցվել է խեղաթյուրված՝ իրականությանը չհամապատասխանող ինֆորմացիա: Եվ ցավալին այն է, որ մի անորոշ աղբյուրից մյուս լրատվականները copy են արել նույն նյութն ու տարածել նաեւ իրենց մոտ: Ես նշել եմ ու էլի եմ ուզում շեշտել, որ Լիլիի դեմ ոչինչ չունեմ, պարզապես կարծում եմ՝ երկուսիս էլ հաճելի չէ նույնացվելը»,-ասում է Լիլիթը՝ հավելելով, որ անձամբ նամակներ է գրել տվյալ կայքերին՝ տեղեկացնելով, որ սխալ ինֆորմացիա են տարածել եւ պահանջելով հերքում ներկայացնել:
«Կարծում եմ՝ յուրաքանչյուր լրատվամիջոց պետք է ունենա պրոֆեսիոնալ լրագրողներ, որոնք հետամուտ կլինեն, թե ինչ ինֆորմացիա են հրապարակում, արդյոք դա իրակա՞ն է, արդյոք չի՞ ոտնահարում անձի իրավունքները: Մենք երկուսս էլ մեր ոլորտում մեր ուրույն տեղն ունենք ու կարծում եմ՝ չարժի մեզ նույնացնել: Լիլիի անունից չեմ կարող կարծիք հայտնել, բայց ենթադրում եմ, որ ոչ մեկին էլ հաճելի չի լինի նման բանը»:
Ավելի մանրամասն՝ news.am