Россия 1 հեռուստաալիքը ցուցադրել է Новый элемент русской таблицы վավերագրական կինոնկարը, որը նվիրված է Դմիտրի Մենդելեևի քիմիական տարրերի պարբերական աղյուսակին:
Ֆիլմը պատմում է աղյուսակի ստեղծման ուղղությամբ կատարված աշխատանքների, անվանի գիտնականին հանդիպած դժվարությունների և ժամանակակից աշխարհում նոր քիմիական տարրերի հայտնաբերման գործընթացի մասին:
Ֆիլմի երկու հերոսները ծագումով հայ ռուս գիտնականներ են` Ֆլերովի անվան միջուկային ռեակցիաների լաբորատորիայի ղեկավար ակադեմիկոս Յուրի Օգանեսյանը և Սկոլկովոյի գիտության և տեխնիկայի ինստիտուտի պրոֆեսոր Արտեմ Օգանովը:
«Դուք նույնիսկ փորձարարական եղանակով կարող եք տարրերը վերածել մեկը մյուսի: Ալքիմիկոսների երազանքն իր տեսակի մեջ իրականացավ: Եվ այդպիսի ալքիմիկոս է Յուրի Ցոլակի Օգանեսյանը»,- ֆիլմում ասում է Օգանովը:
Դրանից հետո կադրում երևում է Вести ծրագրից սյուժե այն մասին, որ պարբերական աղյուսակի 118-րդ տարրը ստացել է Oganesson անվանումը:
Յուրի Օգանեսյանը նշում է, որ իր փորձերի հիմքը տարրերի արհեստական սինթեզն է` երկու տարր է վերցվում, և նրանց միջև միջուկային ռեակցիա է իրականացվում:
«Դժվար աշխատանք էր, բայց երկար չի տևել` 12 տարի օր ու գիշեր՝ առանց ընդհատումների: Սա շան չարչարանք է: Դու չգիտես, թե ինչ կլինի և կարծում ես, թե ինչ-որ բան այն չես արել»,- պատմում է գիտնականը:
Օգանեսյանը նշում է, որ գիտության մեջ հանճարներն այն գիտնականներն են, ովքեր կարող են առաջինը տեսնել նորը, և պարտադիր չէ, որ բոլորը սիրեն այդ հանճարներին: