Արդեն 10 տարի մասնագիտությամբ երաժիշտ Իրինա Իսրայելյանի տունը հաճելի օթևան է հայ և արտասահմանցի զբոսաշրջիկների համար: Դեռ 2010 թվականին հյուրատնային բիզնեսի և ընդհանրապես զբոսաշրջության հետ որևէ կապ չունեցող Իրինան այս ոլորտում առաջին քայլերը սիրով է սկսել, թեև նախկինում մտադիր է եղել խմորեղենի արտադրություն հիմնելու: Չգիտեր՝ կհաջողի՞ արդյոք բիզնես գործունեություն ծավալելով, թե ոչ: Բայց այն, որ մանկավարժի աշխատանքով շատ բաների չէր կարող հասնել, ակնհայտ էր: Ամեն ինչ սկսվել է «Նոր տուրիզմ» դասընթացից, երբ Ալավերդի եկած դասընթացավարները գիշերակացի խնդրի առաջ են կանգնել:
Մի բան, երբ շատ ես ուզում, կարողանում ես բոլոր դժվարությունները հաղթահարել, անկախ նրանից, թե ինչ ասպարեզում է դա: Ինձ այս գործն այնքան դուր եկավ, որ սկսեցի լեզու սովորել: Այսօր ես հաղորդակցվում եմ իմ հյուրերի հետ անգլերենով, իմ ամրագրումները կարողանում եմ անգլերեն անել, պատասխանել մեր տարածաշրջանին վերաբերող բոլոր հարցերին:
Միայն բիզնես անելը բավական չէ
Իրինա Իսրայելյանը կարծում է, որ յուրաքանչյուր բիզնես պետք է ունենա իր յուրահատկությունը: Ամեն օր պետք է աշխատել և կատարելագործվել, շարժվել ժամանակին համահունչ, անընդհատ զարմացնել զբոսաշրջիկին: Ի վերջո օրեցօր աճող մրցակցության պայմաններում պետք է կարողանալ դիմակայել: Դա է պատճառը նաև, որ Իրինան անընդհատ ուսումնասիրում է այս ոլորտը, մասնակցում գրեթե բոլոր դասընթացներին:
Շատ կարևոր է հյուրերին քո երկրի մշակույթին, նիստուկացին ծանոթացնելը: Դա յուրաքանչյուրիս պարտքն է: Պետք է կարողանանք ճիշտ ներկայանալ: Հայ ժողովուրդը հարուստ պատմություն ունի, ու Հայաստան եկած զբոսաշրջիկը պետք է տեղեկացված հեռանա մեր երկրից, մեր քաղաքից, մեր տնից: Այսինքն, տան տերերն այս գործում մեծ անելիք ունեն:
Լոռին գրավիչ է նաև հայերի համար
Տիկին Իրինան իր հարկի տակ օտարերկրացիներից բացի նաև շատ հայերի է հյուրընկալում. Լոռին գրավում է նաև երևանցիներին: Այստեղ էքսկուրսիաների են գալիս տարբեր դպրոցներից: Գալիս են՝ բացահայտելու և ճանաչելու իրենց հայրենիքի գեղատեսիլ ևս մեկ հատվածը:
Լոռին հայաստանյան զբոսաշրջության ամենագրավիչ անկյուններից մեկն է, բայց այստեղ անելու դեռ շատ բան կա: Երիտասարդները պետք է ավելի ակտիվ լինեն, նոր սերունդը բիզնես հիմնելու համար ավելի շատ առավելություններ ունի այսօր: Դրամաշնորհային շատ ծրագրեր կան, անվճար բազմաթիվ դասընթացներ են իրականացվում: Իսկ որ ամենակարևորն է՝ Լոռին բարենպաստ տարածաշրջան է՝ տուրիզմի գրեթե բոլոր՝ քայլարշավային, վրանային տեսակները, ինչպես նաև ագրոտուրիզմը, ռաֆթինգը զարգացնելու համար: