ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ամբողջ աշխարհում սփռված ՀՀ բոլոր զինապարտ քաղաքացիներին կոչ արեց վերադառնալ հայրենիք և ծառայել հայոց բանակում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը Միլանից, վարչապետն այս կոչը հնչեցրեց Միլանի Հայ առաքելական Սուրբ Քառասուն Մանկունք եկեղեցում հայ համայնքի ներկայացուցիչներից մեկի հարցին ի պատասխան, ով վարչապետից հետաքրքրվեց, թե ինչ է հնարավոր անել, որպեսզի իր տղան 3 տարի անց կարողանա առանց խնդիրների Իտալիայում ավարտել ուսումը, այնուհետև վերադառնալ հայրենիք և անցնել ծառայության:
«Որդիս սովորում էր Տարտուի համալսարանում, և 2018թ. նախաշեմին, այն ժամանակ ես վարչապետ չէի, ընդդիմադիր քաղաքական գործիչ էի, եկավ Հայաստան, և այլևս չվերադարձավ, որովհետև մարտին լրանալու էր իր 18 տարեկանը, և պետք է ծառայեր բանակում: Իրադարձություններն այնպես զարգացան, որ ես դարձա վարչապետ, բայց այն ժամանակ մենք գիտեինք, որ ինքը պետք է զորակոչվի բանակ: Ես հասկանում եմ, որ մենք բազում հանգամանքներով սփռված ենք ամբողջ աշխարհում: 2017թ. պատգամավորներով մեկնել էինք զորամասերից մեկը` ներկա լինելու զինվորների երդման արարողությանը, և ինձ այնտեղ հուզեց մի քանի տեսարան, երբ զինվորները երդման գրքույկը վերցրած, թոթովախոս հայերենով, ակնհայտ ռուսական առոգանությամբ ՀՀ զինված ուժերում ծառայության անցնելու երդում էին տալիս: Իմ որդին այսօր ծառայում է զինված ուժերում, երբ ընդդիմադիր պատգամավոր էի, որոշել էի, որ իմ որդին չպետք է փորձի բուհ ընդունվի ՀՀ տարածքում, որպեսզի այնտեղ տարկետման հավակնություն ունենա: Ես մեր բոլոր զինապարտ որդիներին կոչ եմ անում գալ հայրենիք, և զինվորական ծառայություն անցնել հայոց բանակում, մանավանդ, որ բանակում այսօր շատ ծավալուն, բովանդակային փոփոխություններ են տեղի ունենում, և հայրենիքի առաջ պարտքը կատարելը կարևոր է բոլորի համար»,- ասաց Փաշինյանը: