Հենրիխ Մխիթարյանը, մեղմ ասած, թքած ունի հավաքականի վրա. ՀՖՖ պաշտոնյա
Advertisement 1000 x 90

Հենրիխ Մխիթարյանը, մեղմ ասած, թքած ունի հավաքականի վրա. ՀՖՖ պաշտոնյա

ՀՖՖ Ներքին աուդիտի և համապատասխանության կոմիտեի նախագահ Մեսրոպ Առաքելյանը, որը նաև ՀՀ վարչապետի խորհրդականն է, կարծում է, որ հայկական ֆուտբոլին լուրջ փոփոխություններ են պետք: Նա այդ մասին գրառում է կատարել ֆեյսբուքի իր էջում: Ըստ նրա՝ անգամ ավագին փոխելու կարիք կա: Նա կարծում է, որ ավագ Հենրիխ Մխիթարյանը թքած ունի թիմի վրա:

«Հայկական ֆուտբոլի ողբերգությունը ունի տասնամյակների հիմք։ Տեղային, կարճաժամկետ հաջողությունները հետ են շպրտել երկարաժամկետ նպատակները։
Ամեն անգամ աշխարհի կամ Եվրոպայի առաջնության եզրափակիչ դուրս գալուն պակասում է մի փոքր եթե։ Եթե սրան հաղթեինք, եթե սա խաղար, եթե… եթե…

Մենք չենք ունեցել և հիմա էլ չունենք ֆուտբոլային երկիր դառնալու նպատակ և ծրագրեր։ Մենք պետք է հասկանանք, որ երկար, դեռ շատ երկար ժամանակ դուրս չենք գալու աշխարհի կամ Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ։ Նման նպատակները ջարդուփշուր են անում բոլորին՝ վերջին դարձնելով գնդակ տշող։

Ֆուտբոլային երկիր դառնալու համար մեզ պետք է՝

• ֆուտբոլային ենթակառուցվածքներ՝ լիքը ստադիոններ ու փոքր դաշտեր, ֆանտաստիկ ազգային ստադիոն,

• մանկապատանեկան ֆուտբոլի մասսայականացում՝ նախկին Կաշվե գնդակի ձևաչափի ներդրում,

• Հայաստանի առաջնությունում աստիճանաբար լեգիոներների լիմիտի ներդրում՝ բարձրագույն խմբում առաջին 20 ռմբարկուների մեջ ընդամենը 2 հայ կա,

• ֆուտբոլային ներդրումների աջակցության պետական համալիր ծրագրերի իրականացում,

• ազգային հավաքականի մթնոլորտի կտրուկ փոփոխություն՝ ընդհուպ ավագի փոփոխություն, ով այսօր, մեղմ ասած, թքած ունի հավաքականի վրա,

• ԵԱՏՄ լեգիոներների հարցի շուտափույթ կարդավորում,

Այս ամենից առաջ էլ, հետո էլ ֆուտբոլը մնում է խաղ, որտեղ ոչինչ երաշխավորված չէ»,- գրել է նա: