⁉️Փոքր ժամանակ երբևէ ցանկացե՞լ եք դերասան դառնալ, հնարավորություն ունեցե՞լ եք փորձել ինքներդ Ձեզ այդ դերում.
?«Դասարան+դասական» նախագծի շնորհիվ այսօր շատ երեխաներ ունեն այդ հնարավորությունը:
Նախագծի շրջանակում Ավագ դպրոցի շուրջ 60 աշակերտ ոլորտի արհեստավարժ մասնագետների շնորհիվ ծանոթանում են դերասանական արվեստին և թատրոնի կյանքին: Վարպետաց դասերի ընթացքում դասախոսները խաղերի միջոցով ներկայացնում են դերասանական արվեստի հնարքներ, որոնք օգնում են կենտրոնացնել ուշադրությունը, ամրապնդել կամքը:
Իսկ հետո աշակերտներին ներկայացվում է իրավիճակ, որտեղ նրանք պետք է հանդես գան որպես դերասաններ:
Դասախոսությունների վերջում աշակերտները դիտում են թատերական ներկայացումներ: Այս ամենը կազմակերպվում է Գ. Սունդուկյանի անվան թատրոնում:
Ծրագրին մասնակցում են Երևանի ավագ դպրոցների աշակերտները:
Մասնակցության հայտ ներկայացրել էին ավելի քան 40 ավագ դպրոցի 250 աշակերտ: Նրանք մասնակցել են շարադրության մրցույթի՝ 5 թեմայով՝ «Իմ սիրած դերասանը», «Իմ սիրած դերասանուհին», «Իմ սիրած ներկայացումը», «Իմ սիրած թատրոնը», «Իմ սիրած գրական հերոսը»:
Շարադրության մրցույթում հաղթել են 60 աշակերտ:
«Դասարան+դասական» նախագիծը շարունակական է լինելու և ընդգրկելու է նաև մարզերը:
Այսպիսով, մենք հավատում ենք, որ այս նախագծի շնորհիվ մեր երեխաների շրջանում ամրապնդում ենք սերը թատերարվեստի նկատմամբ, և, գուցե, այս փորձերի արդյունքում նոր «Մհեր Մկրտչյան»-ներ բացահայտենք ?