Հայաստանի ազգային պատկերասրահի և Ռումինիայի հայոց թեմի առաջնորդարանի միջև ստորագրված համագործակցության հուշագիրը կնպաստի կողմերի միջև գիտական, կրթական, հետազոտական և մշակութային երկկողմ կապերի զարգացմանն ու ընդլայնմանը:
հուշագրի ստորագրման հանդիսավոր արարողությունն անցկացվեց նոյեմբերի 21-ին Հայաստանի ազգային պատկերասրահում: Այն ստորագրեցին ՀԱՊ տնօրեն Արման Ծատուրյանը և Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Տաթև եպիսկոպոս Հակոբյանը:
«Պատկերասրահի առաքելությունն է հայկական արվեստը պահպանելը, հանրահռչակելն ու ուսումնասիրելը: Հայաստանի բնակիչները քիչ բան գիտեն Ռումինիայի հայոց թեմի առաջնորդարանի հավաքածուի մասին: Ուսումնասիրելով այդ հարուստ ժառանգությունը` մենք այն կարող ենք ցուցադրել նաև այստեղ»,-ասաց Ծատուրյանը:
Ռումինահայ թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Տաթև եպիսկոպոս Հակոբյանը շեշտեց, որ թեմը հազար տարվա պատմություն ունի: «Մեր եպիսկոպոսական, արքեպիսկոպոսական աթոռը հիմնվել է 1401 թվականին: Մենք այսօր ունենք շատ հարուստ հոգևոր մշակութային ժառանգություն` մեկ բերդ, երկու վանք, 16 եկեղեցի, ութ մատուռ, ութ հայկական գերեզմանոց: Առաջին եկեղեցին կառուցվել է 1350 թվականին: Ունենք 300 տարվա արխիվ` 400 սրբանկար, բազմաթիվ ձեռագրեր, 2000 հնատիպ գիրք և այլ նմուշներ»,-պատմեց սրբազանը:
Նա ընդգծեց, որ այդ հարստությունն անհրաժեշտ է պահել ու պահպանել: Հուշագրով Հայաստանի ազգային պատկերասրահը կարող է օգնել, որ եվրոպահայ մշակույթը ներկայացվի Հայաստանում:
«Վստահ եմ, որ Հայաստանի իշխանությունը, պատկերասրահը մեծ օգուտ պետք է բերեն մեզ, որ կարողանանք համատեղ մշակութային ծրագրեր իրականացնել. մի քանի տարի հետո, եթե հնարավոր լինի, ռումինահայ օրեր կազմակերպենք Հայաստանում` մեր ամբողջ ժառանգությունն այստեղ ցուցադրելու նպատակով»,- եզրափակեց Գերաշնորհ Տեր Տաթև եպիսկոպոս Հակոբյանը:
Պատկերասրահի աշխատակիցները ոգևորությամբ ընդունեցին հուշագրի ստորագրումը, իսկ ՀԱՊ ավագ գիտաշխատող Քնարիկ Ավետիսյանը թեմին նվիրեց իր հեղինակած «Աստվածածնի պատկերագրությունը հայ միջնադարյան արվեստում» գիրքը: