Արեգ Բարսեղյանը ֆեյսբուքում գրել է.
«Անկախ իմ մեծ հարգանքից «ԱՅԲ» կրթական հիմնադրամի, նրա ղեկավարության ու անձնակազմի, այնտեղ աշխատող իմ գործընկերների ու ընկերների նկատմամբ, բայց եթե այս մեկ տարվա ընթացքում, ինչ ավարտվել է Արայիկ Հարությունյանի կողմից հանձնարարված այսպես կոչված աուդիտը, «ԱՅԲ» կրթական հիմնադրամի կողմիղ պաշտոնական պահանջ հնչեցվեր հրապարակել դրանց արդյունքները ու նաև պահանջ դրվեր պատասխանատվության ենթարկել Արայիկ Հարությունյանին 2018-ի մայիս-հունիս ամիսներին արված անպատասխանատու հայտարարությունների համար, գուցե մեր կրթական համակարգում չլիներ այդ մեկ անձի կամայականության գերիշխանությունը։
Եթե Հայաստանի դպրոցների տնօրենները միասնական հայտարարությամբ հանդես գային ու պահանջեին Արայիկ Հարությունյանից ներողություն խնդրել (աղերսել) տնօրենների հասցեին արված նրա լկտի խոսքերի համար, այսօր նույն Արայիկը նույն լկտիությամբ չէր խոսի համալսարանական դասախոսների ու գիտնականների հետ։
ԼՏՊ-ական ցինիզմով ու լկտիությամբ լցված այս անձնավորությունն այսօր ղեկավարում է կրթության, գիտության ու մշակույթի ոլորտը՝ այլ կարծիք ունեցող ՀՀ քաղաքացիների հետ խոսելով քրեական գործերի տեղատարափ առաջացնելու շանտաժային լեզվով։ Ու այդ նախարարը հարմար տեղավորված է երկրի գործադիր իշխանության ղեկավարի թևի տակ, անձնական պաշտպանության ներքո, ճիշտ նույն կարգավիճակում, որում Մել Դալուզյանն ու Կարաբինաներն են։
Մեր հասարակության թուլությունն է վախը կտրուկ գործողություններից։ Ինչի՞ց եք վախենում, ինչու՞ չեք պատասխան պահանջում, ինչու՞ չեք պահանջում պատասխանատվության ենթարկել։
Այդ վերջին, վճռական քայլը չանելն է դառնում պատճառը, որ իշխանությունը դառնում է չարիք ու նստում ժողովրդի գլխին։ Իսկ ժողովուրդը նայում է էլիտային՝ գիտնականներին, դպրոցի տնօրեններին, Այբերին… ու ժողովուրդն ասում է «դե եթե էլիտան է խուսափում վճռականությունից, բա մենք ի՞նչ անենք»:
Պատիվ պահանջելն ամոթ բան չէ։ Ամոթ է, երբ չես պահանջում։ Պահանջեք, առանց ձեր պահանջելու ոչ մեկ ձեզ չի հարգելու»։