Ռուս լրագրող և բլոգեր Աբաս Ջուման մեծ հոդված է հրապարակել Հայաստան կատարած իր այցի և ստացած տպավորությունների մասին:
«Федеральное Агентство Новостей» (ФАН) պորտալում հրապարակված հոդվածում Ջուման պատմում է այն մասին, թե ինչպես է Վերնիսաժում տեսել Գարեգին Նժդեդի բազմաթիվ դիմանկարներ:
Նա նշում է, որ Հայաստանի համար Գարեգին Նժդեհն ազգային ազգային հերոս է, ով երկրին է նվիրել այսօրվա սահմաններն ու փրկել կոտորածից:
Լրագրողի հետ զրույցում Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանն ընդգծել է, որ Գարեգին Նժդեհի թեման հայ-ռուսական հարաբերություններում Ադրբեջանը դիտմամբ է սրում:
Աբաս Ջուման ընդգծում է նաև բանակի կարևորությունը հայերի ընկալումներում: Նրա խոսքերով՝ հայերի համար բանակն ու եկեղեցին գործնականում անքակտելի են:
«Հայաստանում սիրում են ասել. «Տվեք մեր երկրին առանց պատերազմի 100 տարի, և այն կվերափոխի աշխարհը»: Վստահ եմ, որ այդպես էլ կա: Միայն թե դա ստուգել դեռ ոչ մի անգան չի հաջողվել: Հենց այդ պատճառով է, որ Հայաստանում սեղանի շուրջ միշտ խմում են ամբողջ աշխարհի խաղաղության համար: Եվ հենց դրա համար հայերի մեջ գոյություն ունի զինուժի հանդեպ պաշտամունքը. խաղաղություն ես ուզում, պատրաստվիր պատերազմի»,- գրում է հեղինակը:
Պատմելով Արցախի մասին՝ Աբաս Ջուման երեք հետաքրքիր փաստ է բերում. Ղարաբաղյան հարցը Հայաստանի բնակիչների կարծիքով՝ չի դասվում 5 ամենակարևոր թեմաների շարքին, Արցախի անկախությունը ճանաչել է ԱՄՆ 9 նահանգ, Ղարաբաղյան կարգավորումը գործնականում միակ հարցն է, որի վերաբերյալ Ռուսաստանի, ԱՄՆ և Արևմուտքի երկրների մոտեցումները համընկնում են:
Աբաս Ջուման նաև պատմում է սիրիահայերի կյանքի մասին, որոնցից շատերը փոքր բիզնեսով են զբաղվում: Լրագրողի հետ զրույցում սիրիահայերը նշել են, որ ցանկանում են ապրել Հայաստանում, քանի որ այստեղ անվտանգ է, թեկուզ և իրենց բիզնեսի համար փոքր հնարավորություններ կան: