Ծառերից, արմատներից ու թփերից մաքրվում են Սևանա լճի անտառամերձ տարածքները
Advertisement 1000 x 90

Ծառերից, արմատներից ու թփերից մաքրվում են Սևանա լճի անտառամերձ տարածքները

2019 թվականի սեպտեմբերի 24-ից Սևանա լճի ափամերձ հատվածներում իրականացվում են ջրածածկման ենթակա անտառային տարածքների մաքրման աշխատանքներ: Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչությունից, մաքրման աշխատանքներն իրականացվում են «Սեւան» Ազգային պարկի Վարդենիսի տեղամասում, Ծովակ համայնքի վարչական սահմաններում: Մաքրվող տարածքի ընդհանուր մակերեսը կազմում է 98 հեկտար, որից 4 հեկտարը՝ ամբողջովին ջրածածկ տարածք է, իսկ 94 հեկտարը՝ լրիվ ճահճածածկ: Մաքրման աշխատանքները պետք է իրականացվեն մինչև 1901,5 նիշը:

«Այս պահին աշխատանքներ են կատարվում երեք տարբեր հատվածներում, որոնց ընդհանուր մակերեսը կազմում է 40 հեկտար: Աշխատանքներն իրականացնում է «Հարությունյան Շին» շինարարական կազմակերպությունը: Թեեւ նախատեսված է ափամերձ հատվածներում մաքրման աշխատանքներն ավարտին հասցնել մինչեւ դեկտեմբերի 24-ը, սակայն աշխատանքներն, ընդհանուր առմամբ, դանդաղում են տարածքների ճահճապատ լինելու պատճառով: Ամեն դեպքում, մաքրողներն անում են հնարավորը, որպեսզի թե ջրում, թե ճահճապատ տարածքներում ամբողջությամբ հեռացվեն բույսերն ու արմատները: Մաքրման աշխատանքների համար չափազանց նպաստավոր պայմաններ է ստեղծել չորային ու արեւոտ նոյեմբերը: Սեւանի անտառամերձ տարածքների մաքրման համար պետբյուջեի միջոցներից հատկացվել է շուրջ 112,4 միլիոն դրամ»,- նշեց Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության բնապահպանության բաժնի վարիչ Սիրաս Օհանյանը:

Խոսրով Խլղաթյան



Նման նյութեր