Կյանքից հեռացել է ականավոր հետախույզ Գոհար Վարդանյանը: Այս մասին տեղեկացնում է Ռուսաստանում ՀՀ դեսպանատունը:
«Խորը ցավով տեղեկացնում ենք, որ նոյեմբերի 25-ին կյանքից հեռացել է լեգենդար անհատականություն, ճանաչաված հետախույզ Գոհար Լևոնի Վարդանյանը: Նրա մահը անդառնալի կորուստ է բոլորիս համար»,-ասված է հաղորդագրության մեջ:
Ականավոր խորհրդային ընդհատակյա հետախույզ, Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության վետերան Գոհար Վարդանյանը ծնվել է 1926 թվականին: 1930-ական թվականների սկզբին նրա ընտանիքը տեղափոխվել է Իրան: 16 տարեկանում նա մտել է՝ իր զինակից Գեւորգ Վարդանյանի, ով հետո իր ամուսինն է դառնում, հակաֆաշիստական խումբ, որի հետ մեկտեղ ակտիվ հետախուզական աշխատանք է կատարել: 1943 թվականին այդ խմբի կազմում մասնակցել է Թեհրանի կոնֆերանսի ընթացքում «մեծ եռյակի» ղեկավարների անվտանգության ապահովման գործողությանը: Այդ ժամանակ կանխվել է «մեծ եռյակի» ղեկավարների՝ Ստալինի, Ռուզվելտի եւ Չերչիլի դեմ հիտլերյան հատուկ ծառայությունների մահափորձը:
1951 թվականին Վարդանյան ամուսինները վերադարձել են ԽՍՀՄ, 1956 թվականին ավարտել են Երեւանի օտար լեզուների ինստիտուտը: Այնուհետեւ Գոհար եւ Գեւորգ Վարդանյաններն «Անիտա» եւ «Անրի» օպերատիվ կեղծանուններով ընդհատակյա վիճակում հաջողությամբ աշխատել են աշխարհի շատ երկրներում: 1986 թվականին հետախույզները վերադարձել են հայրենիք: Մասնագետների կարծիքով՝ նրանց աշխատանքի արդյունքներն այնքան նշանակալից են, որ երբեք չեն գաղտնազերծվի: Գոհար Վարդանյանի վաստակը նշվել Է Կարմիր դրոշի, II աստիճանի Հայրենական պատերազմի շքանշաններով եւ բազմաթիվ մեդալներով: