Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամը (ՀԽԳՀ) նոյեմբերի 21-ից 25-ը Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպանատան հետ համատեղ իրականացրել է հայկական գինիների համտես-շնորհանդեսներ և վարպետության դասեր Նիդերլանդների երեք քաղաքում՝ Ամստերդամում, Հաագայում և Ռոտերդամում։ Այս մասին հայտնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Մասնավորապես՝ նոյեմբերի 21-ին, Ամստերդամում՝ «Եվրասիական տնտեսական միությունը և Նիդերլանդները․ հեռանկարներ և հնարավորություններ բիզնեսի համագործակցության համար» կոնֆերանսի շրջանակում, ՀԽԳՀ-ի նախաձեռնությամբ կազմակերպվել է հայկական գինիների համտես և վարպետության դաս գինու ոլորտի մասնագետների և գնորդների համար։ Վարպետության դասը վարել է ՀԽԳՀ-ի փոխտնօրեն, գինեգործ Ֆրունզիկ Հարությունյանը։
Նոյեմբերի 23-ին տեղի է ունեցել գինու համտես-շնորհանդես Ռոտերդամում՝ Նիդերլանդների Թագավորության մեծությամբ երկրորդ քաղաքում, իսկ նոյեմբերի 25-ին՝ Հաագայում, «Diplomatic Magazine»-ի հետ համատեղ։ Վերոնշյալ միջոցառումներին հրավիրված էին բարձրաստիճան հյուրեր, գինու փորձագետներ, գնորդներ և դիստրիբյուտորներ։
«Հայկական գինիների համտես Նիդերլանդներում ՀԽԳՀ-ն կազմակերպում էր առաջին անգամ՝ նպատակ ունենալով Նիդերլանդների գնողունակ շուկայում գինու համտեսների և շնորհանդեսների միջոցով ճանաչելի դարձնել Հայաստանի գինիները և ճանապարհ հարթել հայկական գինու և կոնյակի արտահանման համար»,- ընդգծել է ՀԽԳՀ-ի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը։