Հոնկոնգում ամենաթանկ հողակտորը կառավարության աճուրդում վաճառվել Է 42,23 մլրդ հոնկոնգյան դոլարով (5,4 մլրդ ԱՄՆ-ի դոլար): Այդ գործարքի մասին նոյեմբերի 27-ին իր կայքում հայտնել Է Չինաստանի այդ հատուկ վարչական շրջանի հողօգտագործման դեպարտամենտը:
Խոսքը վերաբերում Է գրեթե 60 հազար քառակուսի մետր մակերեսով առեւտրային կառուցապատման հարթակին: Այն գտնվում Է Կոուլուն թերակղզու արեւմտյան մասում՝ դեպի մայրցամաքային Չինաստան ձգվող նոր արագընթացիկ երկաթուղու կայարանի հետ հարեւանությամբ:
Աճուրդների հաղթող Է դարձել անշարժ գույքի ոլորտի հոնկոնգյան հսկան՝ Sun Hung Kai Properties-ը: Նրա կողմից ձեռք բերված հողամասը նախատեսված Է գրասենյակային շենքերի, հյուրանոցների եւ առեւտրական հարկաբաժինների կառուցման համար:
Կառավարության աճուրդներում հողի վաճառքից եկամուտները բյուջեի մուտքերի կարեւորագույն աղբյուրն են Հոնկոնգի վարչակազմի համար: Մինչ այժմ այստեղ ամենաթանկը համարվում Էր Կայ Տակ հին օդանավակայանի վայրում գտնվող հողատարածքը: Այն անցյալ տարի աճուրդով վաճառվել Էր 3,2 մլրդ դոլարով եւ բաժին հասել նույն այդ ընկերությանը:
Առեւտրային անշարժ գույքի հոնկոնգյան շուկան ամենաթանկն Է համարվում աշխարհում: Բնակարանների, գրասենյակային եւ առեւտրական հարկաբաժինների ռեկորդային գները ռիելթորները բացատրում են ազատ հողի եւ առաջարկի անբավարարությամբ՝ բարձր պահանջարկի պայմաններում, այդ թվում՝ Չինաստանի մայրցամաքային մասի ներդրողների կողմից, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը: