Արցախում «Հայաստան» համահայկական հիմնադրամի վերջին տարիների ներդրումներից ամենանշանակալին Թալիշի վերականգնման ծրագիրն է: 22-րդ հեռուստամարաթոնին ընդառաջ, ապրիլյան պատերազմից հետո տարբեր տեղեր ցրված թալիշցիները վերադարձել են հիմնադրամի և Արցախի կառավարության ջանքերով վերականգնվող հայրենի օջախ: Դպրոցում հնչել է առաջին զանգը:
Տանյա Մեժունցը Թալիշի դպրոցը ղեկավարում է մոտ մի տասնամյակ: Մինչ ապրիլյանը սկսվել էր գյուղի հին դպրոցի այնքան սպասված վերակառուցման ծրագիրը: Հին դպրոցը հակառակորդի նշանառության տակ էր միշտ: Ապրիլյանից հետո նորը կառուցվեց գյուղի անվտանգ թաղամասում:
2016-ին հաջորդած երկու տարին թալիշցի երեխաների ուսումը Ալաշանում էր կազմակերպում: Ֆեդյա Ապրեսյանը Թալիշի միջնակարգ դպրոցի զինղեկն է: Առաջիններից մեկն է գյուղ վերադարձել. ռազմագիտության կաբինետում հին դպրոցից բերված ցուցատախտակներն են: 26 աշակերտներին դրանք հուշելու շատ բան ունեն:
Թալիշի նախկին համայնքապետը` Վիլեն Պետրոսյանը, այժմ Մարտակերտի շրջանային վարչակազմի ղեկավարի տեղակալն է:
Թալիշում հիմա նոր Հանդիսությունների տուն, Համայնքային կենտրոն, դպրոց և մանկապարտեզ ունեն: Ընթացքում է բնակարանաշինական ծրագիրը: 46 ընտանիք վերադարձել է, հասցրել են աշնանացան անել:
Ամբողջությամբ՝ armradio.am